Դիլիջան-Իջևան ճանապարհին՝ Հաղարծին գյուղի դպրոցի մոտակայքում, տեղադրվել է իրազեկող արագաչափ

Ճանապարհներին պատահարների հիմնական պատճառներից մեկը շարունակում է մնալ արագության գերազանցումը։ ՆԳ նախարարությունը խնդրի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում մի շարք ավտոճանապարհներին տեղադրել է նոր՝ իրազեկող արագաչափեր։
Դրանք արդեն գործում են Դիլիջան–Իջևան, Երևան–Սևան և Երևան–Էջմիածին ավտոճանապարհներին։ Նոր սարքավորումները վարորդներին հիշեցնում են տվյալ հատվածում թույլատրելի արագության մասին և միաժամանակ խրախուսում ավելի լինել կարգապահ։
Հատուկ ուշադրություն է դարձվել նաև դպրոցամերձ տարածքներին։ Մասնավորապես՝ Հաղարծին գյուղում իրազեկող արագաչափը տեղադրվել է դպրոցի մոտակայքում։ Այն վարորդներին զգուշացնում ու ստիպում է առավել ուշադիր լինել այն վայրերում, որտեղ երեխաների շարժը ավելի մեծ է։
Արագաչափերի աշխատանքի սկզբունքը պարզ է․ կանաչ ցուցումը նշանակում է, որ վարորդը պահպանել է սահմանված արագությունը, իսկ կարմիրը նախազգուշացնում է գերազանցման մասին։ Վարորդների զգոնությունն ու իրավահարգ վարքը կարևոր են՝ երթևեկության բոլոր մասնակիցների կյանքն ու առողջությունը չվտանգելու համար։ Եղեք ուշադիր։