«Dilijan Wine fest 2023-ը» միավորեց ավելի քան 40 գինեգործարանների

Օգոստոսի 5-ից 6-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Աղասի Խանջյանի ամառանոցի տարածքում անցկացվեց Dilijan Wine Fest փառատոնը։ Գինու փառատոնն արդեն երկրորդ տարին է անցկացվում Դիլիջանում՝ ընդլայնելով մասնակիցների ցանկը։ Այս տարի փառատոնի հյուրերի քանակը հասել էր մոտ 4000-ի։

Փառատոնը մեկ վայրում էր միավորել Հայաստանի շուրջ 40 գինեգործարաններ և ռեստորաններ: Հյուրերին հնարավորություն էր տրվել վայելելու գինեգործների տոնավաճառը, համտեսները, գինու նկարչությունն ու խաղողի տրոհման ավանդական արարողությունը:

Հաշվի առնելով Արցախի բարդ իրավիճակը՝ փառատոնի կազմակերպիչները որոշում են կայացրել փառատոնի ողջ հասույթը ուղղել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» սոցիալական շարժման մի քանի նախագծերի իրականացմանը։ Այդ նախագծերը առաջնային օգնություն են տրամադրելու ավելի քան վեց ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի բնակիչներին։ Այս քայլով նախաձեռնողները նպատակ ունեն հանրության ուշադրությունը հրավիրել Արցախի Հանրապետությունում տիրող հումանիտար ճգնաժամին, և, որպեսզի մարդիկ՝ Հայաստանից և այլ երկրներից, ովքեր մասնակցում են միջոցառմանը, իմանան և խոսեն ու բարձրաձայնեն Արցախի մասին: Փառատոնը կազմակերպում է TimeTo ստեղծագործական գործակալությունը՝ Impulse Management company ընկերության աջակցությամբ։