Դիլիջանի Գեղարվեստի դպրոցն ամփոփեց 2024-25 ուսումնական տարին

Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցում ամփոփել են 2024-2025 ուսումնական տարին։ Ավանդույթ դարձած ավարտական ցուցահանդեսը բաց է լինելու մինչև սեպտեմբերի 1-ը՝ հնարավորություն տալով այցելուներին ծանոթանալու դպրոցի աշակերտների աշխատանքներին։
Դպրոցում սովորում է ավելի քան 400 աշակերտ, որոնցից 39-ն այս տարի հաջողությամբ ավարտում են ուսումը։
Տարվա ընթացքում դպրոցի սաներն ակտիվ մասնակցություն են ունեցել ինչպես համապետական, այնպես էլ միջազգային տարբեր մրցույթների ու փառատոնների՝ արժանանալով պատվոգրերի, դիպլոմների ու մեդալների։ Այս հաջողությունները վկայում են թե՛ դպրոցի մանկավարժական ներուժի, թե՛ աշակերտների նվիրումի ու աշխատանքի մասին։
Դիլիջանի գեղարվեստի դպրոցն այսօր էլ շարունակում է մնալ տարածաշրջանի մշակութային ու կրթական կարևորագույն կենտրոններից մեկը՝ ոգեշնչելով նոր սերունդներին արվեստով ապրել ու ստեղծագործել։