Դիլիջանի համայնքային կենտրոն



vegyész hk

Դիլիջանի համայնքային կենտրոնը (ԴՀԿ) ստեղծվել է Դիլիջանի երիտասարդական կենտրոնի հիման վրա, որը հիմնադրվել է 2014թ.-ին՝ բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից: Երիտասարդական կենտրոնի հիմնադրման նպատակն էր ծառայել որպես հարթակ՝ Դիլիջանի միջազգային դպրոցի (UWCD) ուսանողների և Դիլիջան համայնքի երիտասարդների համագործակցության համար։

Տարիների ընթացքում Երիտասարդական Կենտրոնը, ընդլայնելով իր գործունեության շրջանակը, վերածվեց Համայնքային Կենտրոնի՝ իրականացնելով կրթական և ժամանցային բազմաթիվ ծրագրեր, կարողությունների զարգացման դասընթացներ, մշակութային միջոցառումներ, համայնքային ամենատարբեր նախագծեր՝ համայնքի կողմից՝ համայնքի համար:

2020թ․-ի հունիսին Դիլիջանի համայնքային կենտրոնը ձեռք է բերել հասարակական կազմակերպության կազմակերպաիրավական կարգավիճակ՝ «Դիլիջանի համայնքային կենտրոն» հասարակական կազմակերպություն (ՀԿ), որի հիմնադիր անդամներն են «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամը, «Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը, Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC Dilijan International School)։

2021թ․-ի հունվարին Դիլիջանի համայնքային կենտրոնը դարձավ «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ»-ի մեծահասկաների կրթության 4-րդ կենտրոնը Հայաստանում՝ հայտնելով իր պատրաստակամությունը համագործակցելու մեծահասակների ոչ ֆորմալ կրթության ոլորտում։ Կենտրոնը կիսում է «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ»-ի այն համոզմունքը, որ մեծահասակների ոչ ֆորմալ կրթությունը խթանում է մարդկանց մասնակցությունը մշակութային, սոցիալական և տնտեսական գործընթացներին, ինչպես նաև, կայուն զարգացմանը ու աղքատության նվազեցմանը։

2022թ.-ի  հոկտեմբերին Դիլիջանի համայնքային կենտրոնը, ընդլայնելով իր գործունեության շրջանակը, իր դռները բացեց նաև Դիլիջան բազմաբնակավայր համայնքի Աղավնավանք գյուղական բնակավայրում՝ նպատակ ունենալով ստեղծել հավասար կրթական հնարավորություններ բոլորի համար և զարկ տալ համայնքների համաչափ զարգացմանը:

Աղավնավանքի միջնակարգ դպրոցում գործող Կենտրոնում իրականացվում են 5 հիմնական դասընթացներ՝ անգլերեն, ռուսերեն, շախմատ,  գեղանկարչութուն և կարպետագործութուն, որոնց մասնակցում են շուրջ 100 երեխա՝ Գոշ, Խաչարձան, Աղավնավանք և  Գեղարքունիքի մարզի Ձորավանք, Դպրաբակ գյուղական բնակավայրերից:
Կենտրոնում իրականացվում են նաև կարճաժամկետ դասընթացներ, սեմինարներ, տոնական միջոցառումներ, ֆիլմի դիտումներ, որոնց  մասնակցել են 240 շահառու։

Տեսլական

Դիլիջանը գիտելիքահեն, մասնակցային, ներառական համայնք է։

Առաքելություն

Հզորացնել համայնքի ներուժը և խրախուսել ցկյանս ուսուցումը։

Արժեքներ

• Հավասար հնարավորություններ

• Համաչափ զարգացում

• Հանրային ներգրավվածություն

• Ներառականություն

• Հաշվետվողականություն

• Վստահություն

• Կամավորություն