Դիլիջանի համայնքային կենտրոնը հյուրընկալել է Diamond Challenge մրցույթի եզրափակիչ փուլը

Մարտի 13-ին Դիլիջանի համայնքային կենտրոնում տեղի ունեցավ Diamond Challenge երիտասարդների ձեռնարկատիրական մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլը։ Այս փուլի ընթացքում Գորիսի, Մեղրիի, Երևանի, Դիլիջանի ու Իջևանի թիմերը ներկայացրին իրենց գաղափարներն ընտրող հանձնաժողովին:

«Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ նախագահ Արմինե Հովհաննիսյանի խոսքով՝ Դիլիջանի Համայնքային կենտրոնը հյուրընկալում է մրցույթի եզրափակիչ փուլը Հայաստանում արդեն 5 տարի շարունակ․ «Մենք տարեցտարի փորձում ենք ընդլայնել մեր շրջանակները և ավելի շատ ավագ դպրոցականներ ընդգրկել, քանի որ շատ ենք կարևորում ձեռնարկատիրական հմտությունների և գիտելիքների փոխանցումը նրանց։ Երեխաներն այսօր եկել են մրցելու՝ իրենց մասնակցում են մրցույթի, սակայն ինձ համար առավել կարևոր է, որ նրանք այս ամիսների ընթացքում սովորեցին, հասկացան, թե ինչ է բիզնես գաղափարը, կարողացան ձևակերպել այդ բիզնես գաղափարը, հասկանալ իրենց հաճախորդներին և գնորդներին, ձեռք բերեցին բյուջե կազմելու, խնդիրներ լուծելու, հանրային խոսքի և մի շարք այլ փափուկ հմտություններ։ Ինձ համար հենց սա է հաղթանակը»։

Երևանը ներկայացնող Small Business թիմն ուտելի ծաղիկների մենյուով սրճարանի իրենց գաղափարով ճանաչվեց հաղթող՝ ստանալով 250 ԱՄՆ դոլար դրամական մրցանակ Դիլիջանի համայնքային կենտրոնի կողմից և հրավեր՝ մասնակցելու մրցույթի եզրափակիչ փուլին ԱՄՆ-ի Դելավերի համալսարանում։ 

Մրցույթը ստեղծվել է ձեռնարկատիրական գործունեության հիմնաքար համարվող Horn ձեռնարկության կողմից, որը հիմնվել է ԱՄՆ-ի Դելավերի համալսարանում։

Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրեն Գաբրիել-Էռնեսթ Աբաթ Ֆերնանդեսը նշում է՝ ուրախ է այս միջոցառմանը ներկա գտնվելու համար․ «Սա հիանալի հնարավորություն է՝ տեսնելու հայ երիտասարդների ձեռնարկատիրական ոգին, ովքեր փորձում են իրենց ազդեցությունն ունենալու և գաղափարները կյանքի կոչելու համար նոր ճանապարհներ և արահետներ գտնել»։

Մրցույթի նպատակն է զարգացնել ավագ դպրոցականների ձեռնարկատիրական հմտությունները՝ տալով նրանց սեփական բիզնեսը սկսելու հնարավորություն։ «Եթե նույնիսկ չհաղթենք՝ սա մեծ փորձ կլինի, և կկարողանանք հետագայում այն, ինչ որ հիմա չստացվեց, գործածել մեր հաջորդ բիզնես ծրագրերում»,-ասում է մրցույթի մասնակիցներից Ռուսլաննա Դիլբարյանը։

Նախորդ տարիներին հաղթող թիմերը եզրափակչին ներկայացրել են Դիլիջան, Երևան և Եղեգնաձոր քաղաքները։ 2021 թվականին հաղթող ճանաչված «Փափուկ» թիմը Դիլիջանից ներկայացնում էր վերամշակված կահույքի գաղափարը, որի շրջանակում օգտագործված և ոչ պիտանի անիվներից պատրաստում են փափուկ կահույք։ «Փափուկ» թիմն արդեն հասցրել է վաճառել իր արտադրանքը, որը նաև տեղ է գտել Դիլիջանի քաղաքային այգում։

Մրցույթի ժյուրիի անդամ, «Կճուճ» և «Թավա» ռեստորանների հիմնադիր Վարդա Ավետիսյանի կարծիքով՝ նման միջոցառումները երիտասարդների համար շատ կարևոր են և ոգեշնչող․ «Ես ինքս հիշում եմ՝ երբ որ ես այս տարիքում էի, նույնիսկ՝ ավելի երիտասարդ, շատ կազմակերպող և ձեռնարկատերի, բիզնեսի միտք ունեի, բայց դա 90-ականներն էին, և ցավոք սրտի, այն ժամանակ նման ինչ-որ մի բան չէր կազմակերպվում։ Ես կարծում եմ՝ համայնքի համար շատ կարևոր է, որ ոգեշնչենք մեր երիտասարդներին՝ մտածել կառուցողական, համայնքի համար օգտակար, ձեռնարկել տարբեր մեծ ու փոքր խաղեր, որոնց իրենք կմասնակցեն և իրենց տաղանդը կցուցադրեն»։