Դիլիջանի մարզական ակումբը 20 տարեկան է

Ապրիլի 5-ին լրանում է Դիլիջանի մարզական ակումբի գործունեության 20 ամյակը, շաբաթը խորհրդնշական է նաև Դիլիջանի քառամարտի խմբակի համար, քանի որ լրանում է խմբակի ստեղծման 3-րդ տարին: Օրվա առիթով «Դիլիջան ՋԻՄ» մարզական ակումբը նախաձեռնել է տոնական միջոցառում, որի ընթացքում նվերներ ու անակնալներ են նախատեսվում «Լավագույն մարզական ընտանիք», «Լավագույն երիտասարդ երաժիշտ, նկարիչ, մարզիկ» անվանակարգերում:
Ապրիլի 5-ին, ժամը 16:00-ին «Դիլիջան ՋԻՄ»-ը հրավիրում է մարզվելու, և իհարկե շնորհավորելու մարզական ակումբի գործունեության 20-ամյակի առիթով:

Հարգելիներս, ուղիղ մեկ շաբաթից մեզ մոտ ՏՈՆԱԿԱՏԱՐՈւԹՅՈւՆ է:
Մի կողմից մեր մարզական ակումբը դառնում է 20 տարեկան, մյուս կողմից քառամարտի խմբակը դառնում է 3 տարեկան: Նշելու առիթները երկուսն են, բայց ունենալու ենք 4 տորթ։ Կհարցնեք`էն 2-ը ինչի համար են, չեմ ալարում և պատասխանում եմ՝
1-ին տորթը ԱՊԱԳԱ մարզական ակումբի լոգոյով է լինելու (2004 թվականին մեր մարզասրահը հիմնադրվել է ԱՊԱԳԱ անունով)
2-րդը՝ «Դիլիջան ՋԻՄ»-ի լոգոյով։
3-րդը «Լավագույն մարզական ընտանիքի» տորթն է, այդ օրը լինելու են խաղեր ընտանիքների համար, և հաղթող ընտանիքը կստանա նվեր-տորթ։
Իսկ 4-րդ տորթը մեր քաղաքի «լավագույն երիտասարդ երաժշտի, նկարչի և մարզիկի» համար է, որոնք բացի համով տորթից կպարգևատրվեն նաև դրամական պարգևներով:
Այսպես, մնաց իմանաք օրակարգը:
4:04 Բացման խոսք
4:14 Խաղերի մեկնարկ, այդ թվում՝ ընտանիքով մրցույթ (ընտանիքից 3 հոգի), ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի (թիմի կազմը՝ 4 հոգի) խմբային մրցումներ
5:44 Մրցանակաբաշխություն, բացի դրամական պարգևներից և նվերներից հաղթողները կստանան նաև Yell extreme park -ի նվեր քարտեր:
Արդեն 20 տարի բոլորիդ սիրով հրավիրում ենք մեզ մոտ մարզվելու, իսկ ապրիլի 5-ին հրավիրում ենք ոչ միայն մարզվելու, այլև մեզ շնորհավորելու և մեզ հետ միասին տորթ ու սուրճ վայելելու։ Եթե որոշեք դատարկաձեռն չգալ, կխնդրեի բերել միայն այնպիսի նվերներ, որոնք կարող եք նվիրել մրցանակակիրներին։ Թող նվերներն այնքան առատ լինեն, որ ուրախությունն ու մարզվելու ոգևորությունը մեր մարզիկներին բավարարի ամբողջ տարին:
Դե ինչ` միացեք մեր ուրախությանը ապրիլի 5-ին Դիլիջան Ջիմում։ Ամեն տարի չէ, որ դառնում ես 20 տարեկան:

Դիլիջանի մարզական ակումբի հիմնադիր Գարիկ Թովմասյան