Դիլիջանի միջպետական ճանապարհին նախատեսվում է սողանքների կանխարգելման ցանց տեղադրել

2025 թվականի հունվարի 17-ին Հայաստանի համայնքների միության գրասենյակում ստորագրվեց «Դիլիջանի միջպետական ավտոճանապարհին առկա սողանքի կանխարգելման ցանցի տեղադրման ծրագրի» պայմանագիրը։ Դրամաշնորհային պայմանագիրը, որի արժեքը մինչև 68,943 ԱՄՆ դոլար է, ստորագրեցին Հայաստանում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական և Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը։

Ծրագրի նպատակն է նվազեցնել սողանքային ռիսկերը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի երկայնքով՝ ապահովելով երթևեկության անվտանգությունը։ Ծրագիրը կիրականացվի ճանապարհի ամենախնդրահարույց հատվածում, որտեղ կանցկացվեն ցանցապատման և կայունացման աշխատանքներ։

Այս նախաձեռնությունը կարևոր նշանակություն ունի ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ ճանապարհից օգտվող այլ ճանապարհորդների համար։ Ծրագրի շրջանակում ակնկալվում է ապահովել շուրջ 26,000 բնակչի անվտանգ տեղաշարժը։