Դիլիջանի թունելի հիմնանորոգման նախագծի փոխարեն կմշակվի նոր թունելի կառուցման նախագիծ

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ և Ասիական Զարգացման Բանկի միջև «Վարկային համաձայնագրի փոփոխություններ նամակ-համաձայնագրի» ստորագրման առաջարկությանը: Ծրագրի նպատակն է Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի Քոբայր-Բագրատաշենի սահմանային անցակետի 51․74 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում/վերակառուցումը, ինչպես նաև Դիլիջանի և Պուշկինի ավտոճանապարհային թունելների հիմնանորոգման ու արդիականացման նախագծային աշխատանքների իրականացումը։ Ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են։ Այժմ առաջացել է վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն, ինչը պայմանավորված է 2024թ. մայիսի 26-ին Դեբեդ գետի վարարման հետևանքով վնասված Մ-6 մայրուղու բարելավման աշխատանքների նախագիծը պատրաստելու և նախագծման համար պահանջվող Ձորագետ և Դեբեդ գետերի ջրաբանական մանրամասն հետազոտություններ իրականացնելու անհրաժեշտությամբ: Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Միաժամանակ, Դիլիջանի թունելի հիմնանորոգման նախագծի փոխարեն որոշվել է մշակել նոր թունելի կառուցման նախագիծ։ Վերոգրյալով պայմանավորված՝ ԱԶԲ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել «Վարկային համաձայնագրում» կատարել հետևյալ փոփոխությունները՝ վարկի փակման ժամկետը երկարաձգել մինչև 2025թ․ դեկտեմբերի 31-ը, վարկային համաձայնագրի 1-ին հավելվածի 2-րդ պարբերությամբ նախատեսված՝ Ծրագրի նկարագրությունը խմբագրել ավելացնելով՝ Ձորագետ, Դեբեդ և Աղստև գետերի մանրամասն ջրաբանական ուսումնասիրությունները, Մ-6 մայրուղու բարելավման աշխատանքների մանրամասն նախագծումը: Ծրագրի նախագծերի ընդունման ակնկալվող ավարտը 2025 թվականի հունիսի 30-ն է: