Դիլիջանում բացվեց «ԴՈւԿՈ» երիտասարդական կենտրոնը

Դիլիջանաբնակ երիտասարդները կարող են իրենց ազատ ժամանակը օգտագործել ինքնակրթվելու, նոր հմտություններ ձևավորելու և ինքնդրսևորվելու համար։ Մարտի 29-ին տեղի ունեցավ «ԴՈՒԿՈ» երիտասարդական կենտրոնի բացման արարողությունը։ Միջոցառումը մեկնարկեց Դիլիջանի Գեղարվեստի դպրոցի սաների պարային կատարմամբ, որին հաջորդեց շրջայցը նորաստեղծ կենտրոնում։

«ԴՈՒԿՈ» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է «Ես առաջնորդում եմ»․ կենտրոնի նպատակը երիտասարդների համար հատուկ պայմանների ու հնարավորությունների ստեղծմամբ՝  նրանց կարողությունների զարգացմանը, հմտությունների ձեռքբերմանը, ներուժի բացահայտմանը նպաստելն է ու երիտասարդին ավելի մասնակցային ու ներգրավված դարձնելը։

Կենտրոնը նախատեսում է տարեկան կտրվածքով ունենալ 600-800 շահառու, ովքեր կմասնակցեն բազմապրոֆիլ միջոցառումներին՝ ոչ ֆորմալ կրթական մեթոդներով կարողությունների բացահայտման ու զարգացման դասընթացների, կկատարեն հետազոտական, վերլուծական աշխատանքներ, կիրականացնեն համայնքային խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններ։

«ԴՈՒԿՈ» երիտասարդական կենտրոնը  ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության  համագործակցության արդյունքում՝ նախարարության  կողմից «Երիտասարդական կենտրոնների ստեղծման» նպատակով հայտարարված դրամաշնորհի շրջանակում։