Դիլիջանում երիտասարդները կյանքի են կոչում համայնքի զարգացման գաղափարները

Համայնքային խնդիրների լուծումն ու համայնքի զարգացումը բոլորիս պատասխանատվությունն է։ Դիլիջանցի երիտասարդները հնարավորություն են ստացել կյանքի կոչել իրենց համայնքային նախագծերը՝ «Green Rock» հիմնադրամի Next Gen դրամաշնորհային ծրագրի միջոցով, որը միտված է խթանելու երիտասարդների մասնակցությունը տեղական խնդիրների լուծման գործընթացներին։ 17-ամյա Վահանն առաջարկել էր բարեկարգել Շամախյան թաղամասի խաղահրապարակը։ Նախկինում գրեթե չօգտագործվող այս տարածքը այսօր վերածվել է նոր ու բարեկարգ խաղահրապարակի, որտեղ երեխաները կարող են անվտանգ և հարմարավետ անցկացնել իրենց ժամանակը։

Աջակցել այն գաղափարներին, որոնք ունեն համայնքի վրա դրական ազդեցություն և համահունչ են «Green Rock» հիմնադրամի գործունեության երեք ուղղություններին՝  մշակույթ և արվեստ, շրջակա միջավայրի պահպանություն և համայնքային զարգացում։ Այս սկզբունքով «Green Rock» կանգնեց երիտասարդների կողքին՝ նրանց  գաղափարների իրականացման ճանապարհին:

Համայնքային զարգացմանն միտված ևս մի ծրագիր էլ առաջարկել էր ավագ դպրոցի աշակերտուհի Յանան. Նա QR կոդեր է պատրաստել, որոնք առաջիկայում կտեղադրվեն Դիլիջանի տեսարժան վայրերում։ Կոդերը սկանավորելով՝ մարդիկ կարող են կարդալ տվյալ վայրի մասին և իմանալ ավելին:

«Green Rock» հիմնադրամը կարևորում է երիտասարդների դերը համայնքային կյանքում՝ վստահ լինելով, որ տեղական խնդիրների լուծման լավագույն գաղափարները հաճախ ծնվում են հենց ներսից՝ համայնքում ապրող, սովորող ու ակտիվ երիտասարդների կողմից։ Ծրագրի միջոցով հիմնադրամը տալիս է գործիքներ, հարթակ և աջակցություն, որպեսզի այդ գաղափարները չմնան պարզապես տեսլական, այլ դառնան իրականություն։

Երիտասարդներն են համայնքի զարկերակը, որ իրենց քաղաքացիական դիրքորոշմամբ ու ներգրավմամբ, նոր գաղափարներով պիտի ոտքի կանգնեցնեն իրենց համայնքը, ապահովեն իրենց տուն ու տեղի, իրենց շենի կայուն զարգացումը՝ հուսալի ապագան: