Դիլիջանում կայացել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի գալա համերգը

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթը տասներորդ անգամ միավորում է Հայաստանի պատանի ստեղծագործողներին: Այս տարի առաջին անգամ մրցույթը տեղի է ունենում միանգամից երկու քաղաքում՝ Երևանում և Դիլիջանում։ Մայիսի 10-ին Երևանից մեկնարկած մրցույթի գալա համերգը տեղի ունեցավ Դիլիջանում գտնվող Էդվարդ Միրզոյանի անվան Կոմպոզիտորների տանը։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս միրզոյանական մրցույթին մասնակցել կարող էին մինչև տասնութ տարեկան ստեղծագործողներ։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի աղթոքով և օրհնությամբ մեկնարկեց մրցանակաբաշխությունը։ Միրզոյանական տոնի գալա համերգին Դիլիջանի Կոմպոզիտորների տան բեմից երգեցին Տավուշի թեմի «ՏաԼույս» մանկապատանեկան երգչախմբի սաները։

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին մասնակցության վկայականներով, խրախուսական նվերներով, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝  նաև պատվոգրերով և մրցույթի անվանական գավաթներով: Նախատեսվում է նաև դրամական պարգևատրություն՝ և՛ հաղթող մասնակիցներին, և՛ նրանց ուսուցիչներին: Մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ու Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ: