Դիլիջանում նշվեց Քաղաքացու օրը

Ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը Հայաստանում նշվում է Քաղաքացու օրը։ Օրվա շրջանակում Դիլիջան համայնքում անցկացվեցին մի շարք միջոցառումներ միավորելով համայնքի բնակավայրերի բնակիչներին քաղաքացիական արժեքների շուրջ։ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով կազմակերպված միջոցառումները նպատակ ունեին խթանել հանրային մասնակցությունն ու ընդգծել քաղաքացու դերը պետության ներսում։

Օրվա շրջանակում առաջին միջոցառումը տեղի ունեցավ Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցում, որտեղ հյուրընկալվել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը։ Բանախոս Ալֆրեդ Քոչարյանն անդրադարձավ պետություն–քաղաքացի հարաբերություններին, քաղաքացիական գիտակցության ձևավորման կարևորությանը, ինչպես նաև երիտասարդների ակտիվ ներգրավվածությանը երկրի զարգացման գործընթացներում։ Հանդիպումն անցավ բաց ձևաչափով․ ներկաները հնարավորություն ունեցան ուղղել հարցեր և ներկայացնել իրենց դիտարկումները։

Միջոցառումների շարքը շարունակվեց Հաղարծին բնակավայրում՝ մշակույթի տան դահլիճում կազմակերպված հանդիպմամբ։ Այստեղ ևս քննարկումների առանցքում քաղաքացիական պատասխանատվության և համայնքային ներգրավվածության թեմաներն էին։ Մասնակիցները կարևորեցին հասարակական կյանքում ակտիվ լինելու անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ յուրաքանչյուրի մասնակցությունը կարող է նպաստել համայնքի և երկրի առաջընթացին։

Օրվա միջոցառումներն ամփոփվեցին գեղարվեստական հատվածով․ Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցի և Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի սաները հանդես եկան ելույթներով՝ հաղորդելով օրվան տոնական երանգ։