Դիլիջանում քննարկվել են համայնքների կայուն էներգետիկ ապագայի ուղիները

Կայուն էներգետիկ զարգացմանն ուղղված աշխատաժողովների շարքը շարունակվում է Տավուշ և Գեղարքունիք մարզերի թիրախային համայնքների համար։ Մարտի 19-ին աշխատաժողովը Դիլիջանում էր համախմբել Տավուշի և Գեղարքունիքի մարզերի համայնքների ներկայացուցիչներին՝ Իջևանից, Նոյեմբերյանից, Գավառից և Մարտունուց։ Համայնքներում վերականգնվող էներգիայի ինտեգրված լուծումների կայուն և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև համայնքային ենթակառուցվածքների էներգաարդյունավետության բարձրացումը շարունակում են մնալ  «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» գործունեության առանցքում:

Աշխատաժողովը կառուցված էր ոչ միայն տեսական գիտելիքների փոխանցման, այլև գործնական փորձի փոխանակման շուրջ։ Օրվա ընթացքում մասնակիցները ծանոթացան համայնքային ենթակառուցվածքներում էներգախնայողության բարձրացման ժամանակակից մոտեցումներին՝ սկսած շենքերի էներգաարդյունավետ վերազինումից մինչև արևային ֆոտովոլտային համակարգերի նախագծում և տեղադրում։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաև արտաքին լուսավորության արդիականացմանը՝ լուսադիոդային տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչպես նաև էլեկտրաշարժունակության ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին։

Աշխատաժողովի ընթացքում մենթորության և ուղղորդման սեսիաների շրջանակում, մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց համայնքներում հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկ տեխնոլոգիաների կիրառմամբ ծրագրերը, առկա մարտահրավերները և ստանալ մասնագիտական խորհրդատվություն։ Կազմակերպված աշխատաժողովը ծրագրի հերթական կանգառն էր, և նախաձեռնությունը շարունակվելու է նաև այլ համայնքներում՝ նպաստելով տեղական մակարդակում կայուն էներգետիկ լուծումների զարգացմանը։