Դիլիջանը՝ COP17-ի նախաշեմին

Սեպտեմբերի 19-ից 25-ը Դիլիջանում անցկացվեց «COP17 Week Dilijan» միջոցառումների շարքը՝ նվիրված կենսաբազմազանության պահպանությանը, կայուն զարգացմանն ու կանաչ անցմանը։ Նախաձեռնությունը Green Rock ընկերությանն է՝ ՄԱԶԾ Հայաստանի «Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների ցանց․ BES-Net Հայաստան» ծրագրի հետ համագործակցությամբ։ Ծրագիրը պաշտոնապես հաստատվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից՝ որպես COP17-ի նախապատրաստական միջոցառում։
«Մենք խորապես հավատում ենք, որ բիզնեսի կայուն զարգացումը հնարավոր է միայն համայնքի և բնության հետ ամենօրյա երկխոսության, ինչպես նաև միասին կայուն արդյունք ստեղծելու միջոցով։ Դիլիջանի համար բնապահպանական թեման առանցքային նշանակություն ունի։ Հայաստանում դժվար է գտնել այնպիսի վայրեր, տարածաշրջաններ կամ քաղաքներ, որտեղ բնությունը, համայնքը, բիզնեսը և տնտեսական զարգացումն այսքան սերտորեն փոխկապակցված լինեն, որքան Դիլիջանում։ Հենց այստեղ է գտնվում այս բոլոր տարրերի միավորման և փոխգործակցության կենտրոնը», — նշում է Green Rock Management Group-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան։
Մեկ շաբաթվա ընթացքում Դիլիջանում հանդիպեցին պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, բիզնեսի, քաղաքացիական հասարակության, երիտասարդների և համայնքի ներկայացուցիչները։ Քննարկումները վերաբերում էին բնության պահպանությանը, համայնքի զարգացմանը, կանաչ անցմանը և տարբեր ոլորտների համագործակցության հնարավորություններին։
Միջոցառման անցկացման վայրը՝ Դիլիջանը, պատահական չէր ընտրված։ Դիլիջան ազգային պարկը և հարակից անտառային էկոհամակարգերը քաղաքի բնական միջավայրի առանցքային մասն են։ Բնությունը սերտորեն կապված է նաև զբոսաշրջության, տեղական տնտեսության և համայնքի առօրյայի հետ։ Այդ միջավայրում կենսաբազմազանության թեման հնարավորություն տվեց խոսել կոնկրետ խնդիրների և տեղական լուծումների մասին։
«COP17 Week Dilijan»-ը համատեղեց բնապահպանական կրթությունն ու համայնքային ներգրավվածությունը։ Մասնակիցները մասնակցեցին սեմինարների, վարպետաց դասերի և դաշտային ուսումնասիրությունների՝ բացահայտելով Դիլիջանի բնությունն ու կենսաբազմազանությունը։ Հոկտեմբերի 19-ից 30-ը Հայաստանը կհյուրընկալի COP17-ը՝ մեկ հարթակում հավաքելով աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներին՝ կենսաբազմազանության պահպանության շուրջ քննարկումների համար։ Մինչ այդ, Դիլիջանում արդեն հնչեցին այդ օրակարգի տեղական ձայները՝ ցույց տալով, որ բնության պահպանությունը սկսվում է հենց համայնքից՝ տեղում ձևավորվող գաղափարներից, նախաձեռնություններից ու մարդկանց մասնակցությունից։