Դիլիջանը՝ միջազգային կինոգործիչների մշակութային երթուղում

Դիլիջանը՝ միջազգային կինոգործիչների մշակութային երթուղում

Դիլիջանը հյուրընկալեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվիրակությանը։ «Ֆորմլաբ» ընկերության «Քաղաքի արվեստի կոդ» ծրագրի շրջանակում միջազգային և հայ կինոգործիչները մասնակցեցին քաղաքի մշակութային ժառանգությանը նվիրված ճանաչողական շրջայցին։ Ծրագրի առանցքային կանգառներից մեկը Դիլիջանի հայկական գործվածքի թանգարանն էր, որտեղ հյուրերը ծանոթացան հայկական գործվածքի դարավոր ավանդույթներին, ժողովրդական արհեստներին և թանգարանի հավաքածուին։

Թանգարանի այցելությունը դարձավ ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը՝ ընդգծելով մշակութային ժառանգության դերը ժամանակակից արվեստի և ստեղծարար նախաձեռնությունների համատեքստում։ «Քաղաքի արվեստի կոդ» նախաձեռնության նպատակն է վերաիմաստավորել քաղաքային մշակութային տարածքը՝ արվեստի միջոցով բացահայտելով Դիլիջանի ինքնությունն ու պատմական ժառանգությունը։

Շրջայցից հետո պատվիրակությունը շարունակել է օրվա մշակութային ծրագիրը՝ այցելելով Դիլիջանի հայտնի և սիրված վայրեր։ Նման նախաձեռնությունները նպաստում են մշակութային ժառանգության հանրահռչակմանը, խթանում մշակութային զբոսաշրջությունը և ամրապնդում Դիլիջանի դիրքը՝ որպես ստեղծարար նախաձեռնությունների ու մշակութային կյանքի ուղղություն։

«Սա առաջին անգամը չէ, որ Հայաստանում եմ, բայց Դիլիջանում առաջին անգամ եմ լինում։ Շատ ուրախ եմ բացահայտել այս քաղաքը և հատկապես հանդիպել հայ երիտասարդ կինոգործիչների հետ։ Նման հանդիպումները միշտ կարևոր են, որովհետև նոր գաղափարների, համագործակցությունների և ապագա համատեղ նախագծերի սկիզբ կարող են դառնալ։ Դիլիջանը շատ ջերմ տպավորություն թողեց ինձ վրա․ այստեղ զգացվում է մշակույթի, պատմության և ստեղծարար էներգիայի յուրահատուկ համադրությունը։ Կարծում եմ՝ այսպիսի նախաձեռնությունները մեծ ներուժ ունեն ոչ միայն ներկայացնելու Հայաստանը միջազգային կինոհանրությանը, այլև նոր մշակութային կապեր ստեղծելու տարբեր երկրների արվեստագետների միջև», — նշում է Ֆրանսիացի կինոպրոդյուսեր Դոմինիկ Վելինսկին։

«Քաղաքի արվեստի կոդ» ծրագիրը միավորում է քաղաքի պատմությունը, մշակույթն ու ժամանակակից արվեստը՝ ստեղծելով երկխոսություն անցյալի և ներկայի միջև և բացահայտելով Դիլիջանի մշակութային ներուժը նոր ձևաչափով։