Դիմակայուն Տավուշ. Աղետների ռիսկի կառավարման բանախոսություն Դիլիջանում
«Արտակարգ Ալիք» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Տավուշի մարզում մեկնարկել է հանրային բանախոսությունների շարք, որի նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունն ու դիմակայունությունը հնարավոր արտակարգ իրավիճակների նկատմամբ: Շարքը կրում է «Դիմակայուն Տավուշ. Տավուշի մարզին սպառնացող արտակարգ իրավիճակները, դրանց կանխարգելումն ու կառավարումը» խորագիրը:
Առաջին հանդիպումը տեղի ունեցավ նոյեմբերի 8-ին Դիլիջան համայնքում:
Բանախոսությունը վարեց ճգնաժամային հաղորդակցության և տեղեկատվության կառավարման փորձագետ, լրագրող, փրկարարական ծառայության գեներալ-մայոր, «Արտակարգ Ալիք» տեղեկատվական ՀԿ-ի և Տավուշ Մեդիայի խորհրդի նախագահ Նիկոլայ Գրիգորյանը։ Նա մանրամասնորեն ներկայացրեց Տավուշի մարզին սպառնացող արտակարգ իրավիճակների հիմնական վտանգները՝ ներառյալ բնական և տեխնածին աղետները, և դրանց կանխարգելման ու կառավարման անհրաժեշտ միջոցառումները։
Նիկոլայ Գրիգորյանը շեշտեց համայնքային դիմակայունության ապահովման կարևոր քայլերը՝ առանձնացնելով բնակչության հետ կապի ապահովումը, համախմբվածությունը և գիտելիքի ու հմտությունների զարգացումը: Նա նշեց, որ համայնքների անվտանգությունն ու դիմակայունությունը կառուցվում են ոչ միայն պետական կառույցների, այլ նաև տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական և մշակութային հաստատությունների ակտիվ ներգրավմամբ:
Բանախոսության ընթացքում մասնակիցները՝ տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքային կառույցների և կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչները, հնարավորություն ունեցան հարցեր տալու և բարձրաձայնելու համայնքում առկա անվտանգային խնդիրները։ Փորձագետը պատասխանեց բնակիչների հարցերին՝ կարևորելով համայնքներում աղետների կանխարգելման և պատրաստվածության ապահովման աշխատանքները։
Այս հանդիպումը մեկնարկային քայլ էր՝ Տավուշի մարզում կազմակերպվող բանախոսությունների շարքում, որը նախատեսվում է շարունակել մարզի մյուս համայնքներում:
Մասնակցելու համար դիմեք՝ info@tavushmedia.am հասցեին կամ զանգահարեք 060 460202