Դիմակայուն Տավուշ

Մեր առաջնային նպատակը Տավուշի մարզն առավել անվտանգ, դիմակայուն ու ռիսկերի կառավարմամբ՝ կայուն զարգացող դարձնելն է, մարդկանց կյանքը բարելավելն ու կյանքի որակը բարձրացնելը:

Հայի ամեն մի սերունդ իր բաժին մեծ երկրաշարժն ու պատերազմն է ունենում: Մանր մունր, միշտ մի աղետ մի վնաս գալիս են մեզ անպակասը՝ չհաշված:

Եվ մենք պարզապես դատապարտված ենք դիմակայուն լինելու:
Իրազեկ ու պատրաստված դիմակայուն անհատ-քաղաքացի, դիմակայուն ընտանիք, դիմակայուն համայնք, դիմակայուն մարզ և դիմակայուն երկիր-հայրենիք-պետություն:

 

Նշանաբանը.

Ով իրազեկված է, նա պաշտպանված է:

Մենք հստակ պատկերացնում ենք, որ միայն իրազեկված ու պատրաստված, ակտիվորեն ներգրավված բնակչությամբ կկարողանանք կառուցել աղետակայուն, դիմակայուն, անվտանգ ու պաշտպանված, կայուն զարգացող երկիր:

Նվազեցնել աղետների, կլիմայի փոփոխության և այլ մարտահրավերների ու ճգնաժամերի, մասնավորապես՝ պատերազմի քաղպաշտպանական ռիսկերը՝ բոլոր մակարդակներում, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության շրջանում, հանրային իրազեկման և պատրաստվածության բարձրացման, դիմակայունության և անվտանգության մշակույթի ձևավորման ու մանրակրկիտ մշակված պլանները կյանքի կոչելու միջոցով :

Տավուշի մարզին սպառնացող վտանգների ինչ պատկեր ունենք այսօր․

• Տավուշի մարզին պատուհասել ու սպառնում են բնական ու տեխնածին, համաճարակային ու բնապահպանական, սոցիալական ու քաղպաշտպանական / պատերազմական / բազմաթիվ վտանգներ:

• Վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1997 թվականի հուլիսի 18-ին, բազմաթիվ շենքեր են վնասվել Նոյեմբերյան քաղաքում, Կողբ, Բերդավան,Դովեղ գյուղերում: Տավուշի մարզում զգալի երկրաշարժեր են արձանագրվել 2021, 2022, 2023 և 2024թթ.

• 1998 թվին հեղեղումը մեծ վնաս հասցրեց Իջևան քաղաքին:

 

• 2023թ հունիս, աննախադեպ կարկուտ, հորդառատ անձրև, քամու ուժգնացում ու ջրածածկում Իջևանում:

• 2024թ. մայիս, տեղատարափ անձրևներ, Դեբեդ և Աղստև գետերի վարարում: Հեղեղումների պատճառով՝ 4 զոհ, փլուզված 3 կամուրջ, բնակելի 3 տուն, ջրալցված 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտ, փլուզված ճանապարհներ:

 

• Մարզի տասնյակ գյուղեր ու հաղորդակցության ուղիներ անընդհատ վնասներ են կրում սողանքներից. առանձնապես խնդրահարույց են Գետահովիտ, Հովք, Հաղարծին, Լճկաձոր, Ակնաղբյուր, Վազաշեն, Դիլիջան, Գոշ, Աչաջուր, Ծաղկավան համայնք-բնակավայրերի սողանքները: Հատկապես վտանգավոր ու մահաբեր էին Հաղարծնի, Հովքի և Լճկաձորի սողանքները:

• Երկրաշարժից, ջրհեղեղից ու սողանքից զատ մարզին սպառնում են նաև ուժեղ քամիներն ու կարկուտը, քարաթափումները, ցրտահարությունները, ջրամբարի պատվարի փլուզումները, մասնավորապես՝ Այգեպարի և Այգեձորի:

 

• Մշտական սպառնալիք են կոմունալ-էներգետիկ ցանցերի վթարները, ջրային և շմոլ գազից թունավորումները, համաճարակները, հրդեհները, հատկապես՝ անտառային հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարները:

• Խոցելիությունն աղետներից ու զինված հակամարտությունից բարձր է: Վտանգի ենթակա տարածքները շատ են ու ընդգրկուն՝ բնակավայրեր, հաղորդակցության ուղիներ, գյուղատնտեսական հողատարածքներ, էկոհամակարգեր…

• Բնակչության ու համայնքների դիմակայունությունն աղետներին ու տարաբնույթ մարտահրավերներին՝ թույլ է, կարողությունները՝ քիչ, ռիսկերը՝ բազմաթիվ ու բարձր:

  •  ՀՀ Տավուշի մարզն ավելի քան 300 կմ սահման ունի Ադրբեջանի հետ, սահմանամերձ են մարզի 47 բնակավայրեր, որոնցից 27-ն՝ ուղիղ նշանառության տակ:

• Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության, ընդգրկվածությունն աղետների ռիսկի կառավարմանը նվազ է, մոտիվացումը՝ թույլ, իրազեկվածությունը՝ ցածր, կենսական և անհրաժեշտ տեղեկատվության մատչելիությունը՝ սահմանափակ, կանխարգելման աշխատանքների համար ֆինանսավորումն՝ աննշան՝ ապահովագրությունն աղետներից՝ դեռ չկայացած: