Դիմակայունությունը պետք է դրվի զարգացման հիմքում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի ուղերձն Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա առթիվ։

Կլիմայական ճգնաժամի խորացմանը զուգընթաց աղետների թիվն ու ինտենսիվությունը աճում են՝ ավերելով կյանքեր և կենսամիջոցներ, մեկ ակնթարթում ջնջելով տասնամյակների զարգացման ձեռքբերումները։ Վնասը գլոբալ տնտեսության համար հսկայական է․ տարեկան այն գնահատվում է շուրջ 2 տրիլիոն ԱՄՆ դոլար, երբ հաշվարկներում ներառվում են նաև անուղղակի ծախսերը։

Այդուհանդերձ, աղետների հետևանքների կանխարգելման և մեղմացման ֆինանսավորումը շարունակում է մնալ վտանգավոր չափով անբավարար։ Զարգացման աջակցության ընդամենը 2 տոկոսը, իսկ բազմաթիվ երկրների պետական բյուջեների 1 տոկոսից էլ պակասը, ուղղվում է աղետների ռիսկի նվազեցման ծրագրերին։ Սա պարզապես բացթողում չէ, այլ լուրջ ռազմավարական սխալ հաշվարկ։ Զարգացող երկրներում դիմակայուն ենթակառուցվածքների վրա կատարված յուրաքանչյուր ներդրված 1 դոլարը աղետի ժամանակ խնայում է 4 դոլար։

Այս տարվա Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա թեման ընդգծում է դիմակայունության ֆինանսավորման հրամայականը։ Կառավարությունները և դոնոր կազմակերպությունները պետք է էապես մեծացնեն ներդրումները այս ոլորտում։ Հանրային և մասնավոր հատվածները պետք է ռիսկի գործոնը ներառեն յուրաքանչյուր որոշման կայացման գործընթացում, նվազեցնելու համար վտանգների նկատմամբ ենթարկվածությունն ու խոցելիությունը։ Դիմակայունությունը պետք է ամրապնդվի որպես զարգացման հիմնասյուն։

Այս օրը մենք կոչ ենք անում համատեղ ուժերով արձագանքել աճող ռիսկերին՝ ապահովելով համաչափ ֆինանսավորում և կառուցելով ավելի անվտանգ ու արդար ապագա բոլորի համար։