Արտադրված է Տավուշում․  «Էկոտավուշ»-ը բացեց իր ֆիրմային խանութն Իջևանում  

«Արտադրված է Տավուշում»․ հենց այս գաղափարով էլ Տավուշի մարզում շարունակում են զարգանալ տեղական արտադրությունները։ Իջևան քաղաքում իր ֆիրմային խանութը բացեց «Էկոտավուշ» ընկերությունը՝ բնական և անարատ կաթնամթերքի սիրահարներին ներկայացնելով տեղական արտադրության լայն տեսականի։ Նորաբաց խանութում ներկայացված են բնական կաթից պատրաստված տարբեր տեսակի պանիրներ և կաթնամթերք՝ ստեղծված տեղական հումքից ու տարիների փորձով համեմված։ Ամեն մի արտադրանքի ակունքներում պատասխանատու աշխատանքն է, հայրենական արտադրողի նվիրումն ու որակի նկատմամբ հոգատար վերաբերմունքը։

Արտադրության ամբողջական շղթայի վերահսկումը՝ սկսած անասնակերի հավաքումից ու ֆերմայից մինչև վերջնական արտադրանք, հնարավորություն է տալիս սպառողին առաջարկել թարմ, բնական և բարձրորակ կաթնամթերք։ Կաթը ստացվում է ընկերության Լուսաձոր գյուղում գտնվող  ֆերմայից, որտեղ պահվում են ջերսեյ և սիմենթալ ցեղատեսակի կովեր։ Այս ցեղատեսակները հայտնի են բարձրորակ և սննդարար կաթով, ինչը կարևոր հիմք է ընկերության պանիրների և կաթնամթերքի բնական համի ու որակի համար։

Նորաբաց խանութը կարող է դառնալ նաև Տավուշի այցեքարտերից մեկը՝ ներկայացնելով հայկական պանրագործության ավանդույթներն ու տեղական արտադրության մշակույթը։

Ընկերությունում վստահ են՝ առողջ և անարատ կաթնամթերքը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր հայ ընտանիքի։ «Էկոտավուշ»՝ տեղական հումք, բնական կաթ և որակի վերահսկում՝ յուրաքանչյուր արտադրանքի հիմքում։