«Էներգաարդյունավետ լուծումներ» հանրայինցուցահանդես Իջևանում

Էներգաարդյունավետության բարձրացումը բնակելի և հասարակական շենքերում շարունակում է մնալ կլիմայական դիմադրողականության և կայուն զարգացման կարևոր ուղղություններից մեկը։ Հայաստանում այս ոլորտում իրազեկվածության բարձրացման և գործնական հմտությունների զարգացման նպատակով իրականացվում են մի շարք նախաձեռնություններ։ Իջևանում անցկացվել է «Էներգաարդյունավետ լուծումներ» հանրային ցուցահանդեսը, որի ընթացքում ներկայացվել են էներգախնայող և վերականգնվող էներգիայի ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաներ ու լուծումներ։

Միջոցառումը մեկ հարթակում համախմբել էր ոլորտի ներկայացուցիչներին, մասնագետներին և հետաքրքրված քաղաքացիներին։ Այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ներկայացված սարքավորումներին, հետևելու դրանց աշխատանքի ցուցադրություններին և մասնագիտական խորհրդատվություն ստանալու էներգիայի արդյունավետ օգտագործման վերաբերյալ։Ցուցահանդեսին մասնակցել են ոլորտի տարբեր ընկերություններ և մասնագետներ՝ ներկայացնելով էներգաարդյունավետ շինարարական նյութեր, ջեռուցման և լուսավորության ժամանակակից համակարգեր, ինչպես նաև արևային և այլ վերականգնվող էներգիայի լուծումներ։

«Էներգաարդյունավետ լուծումներ» հանրային ցուցահանդեսը կազմակերպվել էր GIZ-ի «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» ծրագրի շրջանակում՝ «Ավենյու» խորհրդատվական ընկերության և «Զենիթ» ակադեմիայի նախաձեռնությամբ։ Ցուցահանդեսին նախորդել էր տեղեկատվական սեմինարը, որի ընթացքում քննարկվել էին էներգախնայողության և էներգաարդյունավետության ոլորտում կիրառվող հիմնական լուծումներն ու մոտեցումները։