Էներգաարդյունավետության նոր նախագիծ Հայաստանի մարզերում

Հայաստանում մեկնարկել է «Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների և խորհրդատվության խթանում Հայաստանում» (SAFER) նախաձեռնության շրջանակում դիմումների ընդունման գործընթացը։ Ծրագրի նպատակն է աջակցել բնակչությանը՝ բարելավելու բնակարանների էներգաարդյունավետությունը, նվազեցնելու էներգետիկ ծախսերը և բարձրացնելու կենցաղային հարմարավետությունը։

Նախաձեռնությանը կարող են դիմել Շիրակի, Տավուշի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի խոցելի և կին գլխավորությամբ տնային տնտեսությունները, որոնք որպես ջեռուցման հիմնական միջոց օգտագործում են վառելափայտ կամ աթար՝ վառարանների միջոցով։

Դիմումների ընդունման ժամկետը սահմանված է 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցություն տրամադրել շուրջ 300 տնային տնտեսության՝ նպաստելով էներգետիկ ծախսերի կրճատմանը, բնակարանների էներգաարդյունավետության և հարմարավետության բարձրացմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությանը։

Շահառուներին կտրամադրվի հետևյալ աջակցությունը․

  •  բնակարանների ջերմամեկուսացում (դռների և պատուհանների փոխարինում, պատերի, տանիքի և հատակի մեկուսացում),
  • արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրում,
  • արևային ջրատաքացուցիչների տեղադրում,
  • էներգաարդյունավետ վառարանների տրամադրում։

Ընտրված շահառուները պարտավոր են ապահովել նվազագույնը 10% համաֆինանսավորում ընդհանուր ներդրման արժեքից՝ բացառությամբ էներգաարդյունավետ վառարանների տրամադրման դեպքերի։

Դիմումները ընդունվում են բացառապես առցանց՝ SAFER նախաձեռնության պաշտոնական safer.am կայքի միջոցով, որտեղ ներկայացված են նաև մասնակցության չափանիշները և դիմելու ընթացակարգը։

Ծրագիրն իրականացվում է Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ, GIZ-ի կողմից իրականացվող «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի շրջանակում։