ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը մեծ կյանք ճանապարհեց 301 շրջանավարտի

Հուլիսի 3-ին տեղի ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 2025-2026 ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ռեկտորի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը, ռեկտորի խորհրդական Վիգեն Խալատյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԵՊՀ ԻՄ վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, շրջանավարտներ, ծնողներ, մարզի տարբեր ոլորտների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, հյուրեր: Այս մասին հայտնում են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից։

«Ձեր կրթությունը ձեզ տվել է մասնագիտություն, բայց կյանքը ձեզանից կպահանջի նաև կամք, բնավորություն, ազնվություն և պատասխանատվություն։ Հավատացե՛ք ձեր ուժերին, աշխատե՛ք համառորեն, մի՛ վախեցեք սխալվելուց և երբեք մի՛ դադարեք առաջ շարժվել, որովհետև հաջողությունը միշտ չէ, որ բաժին է հասնում ամենախելացիներին։ Շատ հաճախ այն հասնում է նրանց, ովքեր, անկախ ամեն ինչից, չեն դադարում քայլել»,- իր շնորհավորական խոսքում նշել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Մհեր Օթարյանը։

Այս տարի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը դեպի մեծ կյանք էր ճանապարհում 301՝ բակալավրիատի 276 (առկա ուսուցմամբ՝ 165, հեռակա ուսուցմամբ՝ 111) և մագիստրատուրայի (հեռակա ուսուցմամբ) 25 շրջանավարտների, որոնց պատվին կազմակերպվել էր տոնական միջոցառում՝ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն և ավարտական երեկույթ: