Երկնքի սահմանապահները

Ուսումնական զորամասում ենք՝ հակաօդային պաշտպանության կրտսեր հրամանատարների «դարբնոցում»։

Լսարաններում մասնագիտական պարապմունքներ են։

Ապագա հակաօդային պաշտպանները ծանոթանում են զենքի մարտավարատեխնիկական բնութագրերին, յուրացնում դրանց կիրառման հմտությունները, վարժասարքերով խոցում պայմանական օդային թիրախները։

Ուսումնական վեցամսյա փուլն ավարտելուց հետո տղաները կմեկնեն մշտական ծառայության վայրեր՝ արդեն որպես հակաօդային պաշտպանության լիարժեք մասնագետներ։

Հակաօդային պաշտպանությունն առանձնահատուկ նշանակություն ունի ժամանակակից մարտերում, քանի որ վճռորոշ հարվածները հիմնականում հենց օդուժն է հասցնում, իսկ դրանց կասեցնողն ու հակազդողը հակաօդայիններն են, — կուրսանտ Դավիթ Բաղդասարյանը ներկայացնում է իրենց զորատեսակի դերն ու կարևորությունը։

Ուսումնական զորամասի լավագույն զինվորներից է հարթաշենցի երիտասարդը, մանկավարժների ընտանիքում է մեծացել։

Հակաօդայինները երկնքի սահմանապահներն են։ Ես «իգլիստ» եմ, իմ զենքը շատ եմ սիրում, բարձր արդյունավետություն ունի. ռեակտիվ, գազատուրբինային, մխոցավոր ինքնաթիռներ, ուղղաթիռներ կարող է խոցել, ինչպես նաև՝ անօդաչու թռչող սարքեր… Մի խոսքով, կանխում է օդային յուրաքանչյուր հարձակում։

Դավիթը մանրամասն ներկայացնում է դյուրակիր զենիթահրթիռային համալիրների առանձնահատկությունները, հեռահարությունը… Ակնհայտ է՝ երիտասարդը ուսումնական ժամանակահատվածը լիարժեք ու արդյունավետ է օգտագործել։

Մեր մարտկոցի հրամանատարն ինձ խորհուրդ է տվել զինվորական դառնալ, բայց ես մարզական ճանապարհն եմ ընտրել, բռնցքամարտիկ եմ, տարբեր առաջնությունների եմ մասնակցել։

Զորամասում Դավիթը լավագույն մարզիկ է ճանաչվել։

Մեր մարտկոցի ֆիզկազմակերպիչն եմ։ Սպորտ շատ եմ սիրում, բայց դասերիս շատ ժամանակ եմ տրամադրում, պիտի զինվորական մասնագիտությունս լավ սովորեմ, քանի որ զենքին լավ տիրապետելը ինքնավստահություն է ներշնչում, ինչպես լավ մարզավիճակը՝ ռինգում։ Մանկության ընկերս՝ Գևորգը, այստեղ է ծառայել, միշտ պատմում էր, ջերմ հիշողություններ ուներ զորամասից։ Մտածում էի՝ գուցե բախտս բերի ու Գևորգի զորամասում հայտնվեմ։ Ինչպես տեսնում եք՝ հաջողությունը ժպտաց ինձ։ Մեր գրաֆիկը շատ հագեցած է, բայց ես չեմ դժգոհում, քանի որ սովոր եմ. միշտ էլ ծանրաբեռնված եմ եղել։

Մյուս Դավիթին՝ պլանշետավար Ասատրյանին, հանդիպեցինք մեկ այլ լսարանում՝ «օդային քարտեզի» վրա նշումներ էր անում։

Սա օդային պաշտպանության գծագրոց է, մեզ տվյալները փոխանցում են, ականջակալով լսում ենք ու մեր լսածը արտապատկերում։ Աշխատում եմ ամեն ինչ կատարյալ անել, գերազանց սովորել ամեն մանրուք, որ արդյունքը գոհացուցիչ լինի։ Սպաներն էլ շատ պարզ, մատչելի բացատրում են, հետո էլ խիստ պահանջում։ Երկրիդ օդային սահմանները պաշտպանելը մեծ պատասխանատվություն է։

Արարատի մարզի Մրգավետ գյուղից է Դավիթ Ասատրյանը, մինչև ծառայությունը ուսանել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի քոլեջում, ապա ընդունվել Հայաստանի ամերիկյան համալսարանի համակարգչային գիտության բաժինը։ Բազմակողմանի զարգացած է, շնորհաշատ՝ գրում է, նկարում, մինչև բանակ գալը գրաֆիկ դիզայնով է զբաղվել, իսկ զորամասում էլ ջանում է գերազանց տիրապետել իր զինվորական մասնագիտությանը։

Օդային իրադրության գծագրոցավարի՝ պլանշետավարի մասնագիտությունն ինձ շատ է դուր գալիս։ Պլանշետավարը պետք է ունենա լավ հիշողություն, շատ թվեր մտապահի, մանրուքներին ուշադրություն դարձնի։ Իսկ ես շատ դիտողունակ եմ, ուշադիր, ընկերներս երբեմն զարմանում են, թե ինչպես եմ մտապահում ամեն մանրուքը։

Իսկ ի՞նչ կհիշես ծառայությունից, ի՞նչը չես մոռանա՝ հարցին Դավիթը պատասխանում է.

Ամբողջ արժանապատիվ փորձառությունը։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐՄԱՆ ԱՐՇԱԿՅԱՆԻ