Եվրոպական մասնագիտական փորձառություն Սլովակիայից Դիլիջան՝ երիտասարդների զարգացման ճանապարհին

Այս ամռանը տավուշեցի մի խումբ երիտասարդներ վերադարձան Սլովակիայից՝ նոր գիտելիքներով, հմտություններով և տպավորություններով։ Երիտասարդները մասնակցել էին «INVEsT in You» միջազգային ծրագրի ՄԿՈՒ ոլորտի ուսանողների աշխատանքային փորձառության բաղադրիչին, որն իրականացվել է Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնի և սլովակյան «Իգնիս Պլյուս» կազմակերպության կողմից։

Ծրագիրը հնարավորություն տվեց մասնագիտական ​​կրթության և ուսուցման ոլորտի ուսանողներին երեք ամիս ապրել և աշխատել Սլովակիայում։ Երիտասարդները ներգրավված էին տարբեր ոլորտներում՝ հյուրընկալություն, խոհարարություն, տուրիզմ և առողջապահություն։ Յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ունեցավ իր տեսական գիտելիքները կիրառել իրական-գործնական միջավայրում՝ յուրացնելով եվրոպական աշխատանքային մշակույթը և ձեռք բերելով ինքնուրույնության փորձ։

Երիտասարդներն արդեն կուտակած փորձառությամբ Դիլիջանի «Դուկո» երիտասարդական կենտրոնում կիսվեցին իրենց հասակակիցների ու շահագրգիռ կողմերի հետ: Երեք ամիսների ընթացքում ուսանողները կատարելագործել են մասնագիտական հմտությունները, զարգացրել հաղորդակցման, թիմային աշխատանքի կարողությունները:

Ծրագրի ազդեցությունը տեսանելի է հատկապես արդեն աշխատանք ունեցող երիտասարդների շրջանում: Միջազգային փորձառությունը նոր հնարավորություններ ստեղծեց արդեն այստեղ՝ Դիլիջանում։ Ծրագրի մասնակից երիտասարդերի ոգեշնչող պատմությունները հուշում են, որ ներդրումը երիտասարդության շրջանում դրսևորվում է  նոր գիտելիքի, փորձի և վստահության տեսքով։