Ֆուտբոլը՝ որպես ներառման կամուրջ. «Ֆուտբոլ՝ հանուն հավասար հնարավորությունների» ծրագիրն արդեն հասել է 800 երեխայի

Տավուշի մարզի 32 գյուղական բնակավայրերում ֆուտբոլը վերջին երկու տարիներին դարձել է ոչ միայն սիրելի սպորտաձև, այլև հույսի, համերաշխության ու հավասար հնարավորությունների խորհրդանիշ։ 2023 թվականից մեկնարկած «Ֆուտբոլ՝ հանուն հավասար հնարավորությունների» ծրագիրը նպատակ ունի զարգացնել ներառական սպորտը՝ խթանելով սոցիալական հավասարությունն ու երեխաների ներգրավվածությունը համայնքային կյանքում։ Ծրագիրը իրականացվում է «ՈւԵՖԱ-ն երեխաների համար» հիմնադրամի աջակցությամբ և «Հույսի կամուրջ» ՀԿ-ի կողմից։
Այս ընթացքում նախաձեռնությանը միացել է արդեն շուրջ 800 երեխա՝ Դիլիջանի, Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի խոշորացված համայնքներից։ Ծրագրի հիմնական շահառուներն են Տավուշի մարզի շուրջ 480 խոցելի խմբերի երեխաներ, որոնց թվում են նաև հաշմանդամություն ունեցող և Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներ։ Ֆուտբոլային հանդիպումները միայն մարզական չեն․ դրանք կրթական ու հոգեբանական բաղադրիչներ ունեն՝ երեխաներին սովորեցնելով համագործակցել, աջակցել միմյանց և հաղթահարել դժվարությունները՝ միասին, խաղի միջոցով։
Բացի երեխաներից, ծրագրում ընդգրկվել են նաև 82 դպրոցի ավելի քան 250 ուսուցիչներ, նրանց օգնականները և դպրոցների հոգեբանները։ Նրանք անցել են վերապատրաստումներ՝ սովորելով ներառական միջավայրում սպորտի դերը, աշխատանքի նոր մեթոդներ և համբերատարության վրա հիմնված մոտեցումներ։
Ծրագրի առանձնահատկություններից է անվտանգ և ուրախ մթնոլորտը։ Ինչպես նշում է ծրագրի օգնական Վահե Առուստամյանը, անգամ խաղադաշտում նկատողությունները արվում են ժպիտով։
«Արա՜, վայրի ես, թե ինձ թվաց», – ժպիտով ու տավուշյան բարբառին հատուկ տոնայնությամբ ասում է խաղացողներից մեկն իր ընկերոջը՝ հիշեցնելով, որ խաղում նաև աղջիկներ կան, և պետք է ավելի նրբորեն խաղալ։
Ֆուտբոլը դարձել է նաև ինքնավստահության աղբյուր՝ հատկապես այն երեխաների համար, որոնք նախկինում դժվարությամբ էին շփվում կամ ակտիվ մասնակցություն ունենում։
«Նրանք հիմա գիտեն, որ կարող են ու պետք է փորձեն։ Սպորտը այստեղ միայն մարզանք չէ, դա ուղի է՝ դեպի հզորացում ու ներառում», – նշում է թիմերից մեկի մարզիչը։
Այս նախաձեռնությունը վերածվում է մի իրական ուժի, որը մարզերում ապրող երեխաների կյանքում փոխում է ոչ միայն առօրյան, այլև ապագայի պատկերացումները։ Վերջին խաղը տեղի ունեցավ Գանձաքարի միջնակարգ դպրոցի մարզադաշտում, որտեղ անցկացվեց ծրագրի 2025 թվականի աշնանային խաղաշրջանի մարզային փուլը։ Խաղադաշտում էին Գետահովիտի, Թեղուտի, Արծվաբերդի միջնակարգ և Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցների թիմերը։



