«Ֆուտբոլը բոլորի համար». անցկացվեց ներառական մարզական միջոցառումը

Դեկտեմբերի 3-ին, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ն և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը համատեղ կազմակերպեցին «Ֆուտբոլը բոլորի համար» ներառական մարզական միջոցառումը։
Միջոցառման նպատակն էր խթանել ներառական սպորտի զարգացումը, բարձրացնել հասարակության իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների մասին և ստեղծել հավասար մասնակցության հնարավորություններ։
Միջոցառմանը մասնակցեցին տարբեր հանրակրթական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ֆուտբոլային թիմեր՝ Երևանի Վ. Վաղարշյանի անվան Հ. 80 հիմնական դպրոցը, «ArevModels» ՀԿ-ն, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, Երևանի Դ. Դեմիրճյանի անվան հ. 27 հիմնական դպրոցը և «Հույսի կամուրջ» ՀԿ-ն։
Տավուշի մարզի Իջևան համայնքից ժամանած «Հույսի կամուրջ» ՀԿ-ի թիմն առանձնացավ թիմային խաղով, արագ արձագանքմամբ և տեխնիկապես հագեցած մոտեցմամբ։ Թիմի կազմում էին Իջևանի Մ. Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի և Գանձաքարի միջնակարգ դպրոցի աշակերտները։ Թիմը պարգևատրվեց Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի կողմից, ով ընդգծեց ներառական ֆուտբոլի կարևորությունն ու նման նախաձեռնությունների շարունակականության անհրաժեշտությունը։
Միջոցառման ավարտին բոլոր թիմերը ստացան խրախուսական պարգևներ՝ իրենց ակտիվ մասնակցության և ներառական արժեքների տարածման համար։
«Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի աշխատակից Վահե Առուստամյանն իր խոսքում նշեց. ««Ֆուտբոլը բոլորի համար» միջոցառումը դարձավ այն հարթակը, որտեղ սպորտը դարձավ հավասարության, հարգանքի և փոխընդունման գաղափարների տոն», և շնորհակալություն հայտնեց գործընկերներին նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։