Գետահովիտ գյուղի բարձունքին կառուցվել է հուշաղբյուր ՀՀ ազգային հերոս Թաթուլ Ղազարյանի հիշատակին
Մայիսի 25-ը ՀՀ Ազգային հերոս, 44-օրյա պատերազմում նահատակված Թաթուլ Ղազարյանի ծննդյան օրն է։ Գնդապետը կդառնար 45 տարեկան։ Ղազարյան ընտանիքի նախաձեռնությամբ Թաթուլ Ղազարյանի հիշատակին Գետահովիտ գյուղի բարձունքին հուշաղբյուր է կառուցվել։ Հրամանատարի ծննդյան օրը բացվող հուշաղբյուրի խորհուրդը հանուն Հայրենիքի նահատակված զինվորականների սխրանքներն արժևորելն է։
Հուշաղբյուրի հարակից տարածքում խաչ է կանգնեցվել, որն օծել է Իջևանի հոգևոր հովիվ տեր Աբել քահանա Քարտաշյանը։
Գնդապետ Թաթուլ Ղազարյանն իր կերպարով միշտ ձգտել է հաղթանակի, ձգտել է լինել առաջինը թե՛ ուսումնառության, թե՛ զինվորական ծառայության մեջ: Եվ հենց հաղթողի հոգեբանությամբ նա գնացել է ռազմի դաշտ` սրբազան պարտքը կատարելու: Հրամանատարը զոհվել է 2020 թ-ի հոկտեմբերի 19-ին` Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղի մատույցներում՝ վիրավոր զինվորների կյանքը փրկելիս։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և Հայաստանի բարձրագույն՝ «Հայրենիք» շքանշաններով: