Գինին հպարտ է, կամակոր ու ազնիվ․ Կողբա գինիներ

Գինին հպարտ է, կամակոր ու ազնիվ, երբեմն` չափից դուրս համարձակ, իսկ Կողբի գինիները նաև խիզախ են ու անկոտրում: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կողբ գյուղում շուրջ 40 տարվա գինեգործական փորձ ոունեցող Գագիկ Աղաբաբյանին ոչ միյան սերն է ձգում այս ըմպելիքի հանդեպ, այլև ամենակարևորը՝ անսահման սերն ու հավատը Հայրենիքի և նրա ուժեղ ու անկախ ապագայի նկատմամբ:

«Կանչ գյուղ» ձեռնարկությունը ներկայացնում է Կողբա գինիները: Խաղողի էնդեմիկ տեսակներից պատրաստված գինիների ստեղծման նպատակը նաև դրանց պահպանումն ու զարգացումն է:
«Կողբա գինիներ» բրենդի հեղինակ Գագիկ Աղաբաբյանն ասում է, որ գինեգործ դարձել է 5 տարեկան հասակում, երբ առաջին անգամ գինի է համտեսել Բերդավան գյուղի գինու գործարանում: Երկար տարիներ աշխատելով Իջևանի, Բերդավանի, նաև՝ արտերկրում գործող գործարաններում՝ մտածեց, որ սեփական բոլոր գաղափարները կյանքի կոչելու համար պիտի ունենա սեփական գործարանը:

Կողբա գինիները պատրաստվում են էնդեմիկ խաղողից․ այս պահին արտադրվում է շուրջ 13 տեսակի գինի՝ Կողբա լալվարի, Կողբա կիսաչոր ու չոր սպիտակ, Կողբա կարմիր, Կողբա չոր ու կիսաչոր վարդագույն։ Գործարանում աշխատում են տեղացիիները՝ Բերդավան, Կողբ գյուղերից ու Նոյեմբերյան քաղաքից: Ընդհանուր առմամբ, ձեռնարկությունն աշխատում է շուրջ 60 տնտեսության հետ:

Վերջերս բացվեց նաև Կողբա գինիների գինետունը։ Գինետան յուրահատկությունն այն է, որ հաճախորդը կարող է գինի համտեսել, այնուհետև միայն գնել այն:

Հեռանկարների վերաբերյալ հարցին ի պատասխան Գագիկ Աղաբաբյանն առաջարկում է խմել տարածաշրջանի և սահմանին ապրող բնակիչների կենացը․ առաջնահերթ հեռանկարը գյուղացիներին տեղում ամրապնդելն է՝ «մեր սահմանը մենք ենք» կարգախոսով:

Կատարվում է աշխատանք արտադրանքը նաև Եվրոպա և Ռուսաստան արտահանելու ուղղությամբ: Վերջերս նաև ստեղծել են սև կոնյակ, որն առաջինն է Հայաստանում:

«Կանչ գյուղ» ձեռնարկությունում վստահ են՝ անհավատալի պատմությամբ և գեղեցիկ ավանդույթներով լի Հայաստանի արտակարգ բնությունը կարող է ստեղծել միայն կախարդական գինի: Նրանք իրենց գործով ապացուցում են, որ մեր երկրում գինեգործության անցյալը չեն, այլ՝ ապագան: