Հաղարծին գյուղում հոգևոր ու համայնքային կյանքը նոր շունչ է ստանում

Հաղարծին գյուղում դեռ 1848 թվականին Տեր Ոսկան քահանայի ջանքերով կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը տարիներ շարունակ ծառայել է Հաղարծնի բնակչության համար որպես հոգևոր աղբյուր: Խորհրդային տարիներին եկեղեցու նկատմամբ բռնաճնշումների հետևանքով եկեղեցին դադարեցրել է իր գործունեությունը: Գյուղացիների ջանքերով ու միջոցներով այժմ վերանորոգվել է եկեղեցին, բարեկարգվել բակը, շրջակայքը: Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնին՝ սեպտեմբերի 8-ին, Հաղարծնի բնակիչներն ու մարզի համայնքներից ժամանած հավատավորները ուխտերթով շարժվեցին դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի. Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի ձեռամբ կատարվեց եկեղեցու վերաօծումը:
Հաղարծնի բնակիչների հուշերում մնացել է 19-րդ դարում կառուցված եկեղեցու ու վերջին հոգևորականի՝ Տեր Հովհաննես Թամամյանի դերը, նշանակությունը: Այսօր, վերանորոգված և վերաօծված՝ եկեղեցին կրկին բացում է իր դռները, ու գյուղի բնակիչները հույս ունեն, որ հոգևոր ու համայնքային կյանքը նոր շունչ կստանա։
Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրն այսուհետ նաև եկեղեցու վերաօծման օրն է: Տոն, որը կապում է անցյալն ու ներկան, հիշեցնում՝ որքան կարևոր է պահպանել այն, ինչ կառուցվել է սիրով ու հավատքով։ Աստվածամայրը լինելով յուրաքանչյուր քրիստոնյայի մայր, սովորեցնում է քայլել որպես Աստծո արժանի զավակ, աղոթել սեփական անձի և մարդկության փրկության համար և լվացվել երկրավոր մեղքերից։
Սերունդների նվիրվածությամբ ու միասնականությամբ վերականգնված այս սրբավայրը ևս մեկ հիշեցում է՝ հավատքը երբեք չի մարում այնտեղ, որտեղ սիրտն ու հոգին ապրում են քրիստոնեկան արժեքներով։