Հաղթանակում նշեցին գյուղի հիմնադրման 75-ամյակը

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը Նոյեմբերյանի Հաղթանակ գյուղում այսուհետ նշվելու է գյուղի հիմնադրման օրը։ Այս տարի Հաղթանակի հիմնադրման 75-ամյակի առիթով գյուղի բարձունքին տեղադրվեց Հայաստանի պետական դրոշը՝ 24 մետր բարձրությամբ։

Բարձունքը, որտեղ բարձրացվեց եռագույնը, հետագայում դառնալու է փառատոների, մշակութային միջոցառումների անցկացման վայր, ինչպես նաև Նոյեմբերյանի զբոսաշրջության քարտեզի գրավիչ ու տեսարժան ուղղություններից մեկը։

Դրոշի տեղադրման միջոցառման նախաձեռնողը Հաղթանակի վարչական ղեկավարն է, իսկ դրոշը գյուղին նվիրել է գործարար Աշոտ Փանոյանը։ Հաղթանակը Դեբեդ գետի աջափնյակում է գտնվում։ Խորհրդային միության տարիներին այն եղել է Թումանյանի անվան սովետական տնտեսությանը կից ավան, որից հետո ստացել է
գյուղական բնակավայրի կարգավիճակ ու այժմ էլ Նոյեմբերյան խոշորացված համայնքի կազմում է։

Տոնական, խորհրդնշական օրվա միջոցառմանը իրենց ազգային-հայրենասիրական կատարումներով հանդես եկան մանկապատանեկան պարային ու երաժշտական խմբերը, երգիչներ։ Այսուհետ հուլիսի 5-ը հաղթանակցիների համար կրկնակի տոներ են՝ Սահմանադրության օրն ու Հաղթանակ գյուղի օրը։