Համագործակցության նոր հեռանկարներ՝ Ռուսթավի և Իջևան համայնքների միջև

Բարեկամական կապերն ու համատեղ աշխատանքները տարբեր երկրների քույր քաղաքների հետ Իջևան համայնքի համար առաջնային նշանակություն ունեն: Նոյեմբերի 26-ին Իջևանը հյուրընկալեց իր քույր քաղաք՝ վրացական Ռուսթավիի պատվիրակությանը։ Այցը կայացավ Իջևանի համայնքապետարանի հրավերով և միտված էր ամրապնդելու երկու քաղաքների միջև բարեկամական, մշակութային ու գործընկերային հարաբերությունները։ Այցը կազմակերպվել էր Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – Փուլ 2» անդրսահմանային համագործակցության ծրագրի շրջանակում։ Ծրագիրն ուղղված է համայնքների կարողությունների զարգացմանը, կառավարման որակի բարձրացմանը և միջազգային գործընկերային կապերի ընդլայնմանը։ Այս համատեքստում Իջևանի և Ռուսթավիի համագործակցությունը տեղափոխվում է նոր մակարդակ՝ ընդգծելով երկու քաղաքների հետաքրքրությունը համատեղ նախաձեռնությունների հանդեպ։

Ռուսթավիի պատվիրակության անդամներն այցելեցին Իջևանի գինու-կոնյակի գործարան, որտեղ ծանոթացան արտադրական գործընթացներին։ Շրջայցից հետո կազմակերպվեց հանդիպում Իջևանի բիզնես, մշակույթի և տուրիզմի ոլորտների ներկայացուցիչների հետ. շեշտվեց հանրային և մասնավոր հատվածների համագործակցության կարևորությունը՝ փորձի փոխանակման, նոր նախագծերի մշակման և տնտեսական ակտիվության խթանման նպատակով։

Օրվա ավարտին, պահպանելով արդեն ձևավորված ավանդույթը, Իջևանի Մայր Հայաստան հուշահամալիրում իրականացվեց խորհրդանշական ծառատունկը՝ ի նշան Իջևանի և Ռուսթավիի միջև ձևավորված ամուր բարեկամության ու երկարատև համագործակցության: