Համայնքի նախաձեռնող խումբը՝ փոփոխությունների շարժիչ ուժ․ Սարիգյուղի նախաձեռնող խումբն աշխատում է հանուն գյուղի մշակույթի տան «վերակենդանացման»

Սահմանամերձ Սարիգյուղն է`հայ-ադրբեջանական սահմանից 2 կիլոմետր հեռավորության վրա: Չնայած որ Սարիգյուղը զարգացման ներուժ ու ռեսուրսներ ունեցող բնակավայր է, սակայն այսօր էլ գյուղում առկա են բազմաթիվ ու բազմակողմանի խնդիրներ, որոնց շարքում ամենամտահոգիչն ու խնդրահարույցը մշակույթի տան անմխիթար, կիսավեր վիճակում գտնվելն է:

2007 թվականին իր գործունեությունը դադարեցրած Մշակույթի տունը շահագործման է հանձնվել 1984 թվականին: Մշակույթի տունը երկար ժամանակ հանդիսացել է սարիգյուղցիների ու հարակից գյուղերի բնակիչների մշակութային կյանքի կենտրոնը։ Այսօր էլ գյուղի ավագ սերունդը ջերմությամբ է հիշում, թե ինչպես էր ժամանակին մշակույթի տունըն իր տանիքի ներքո հյուրընկալում Հայաստանի վաստակաշատ արտիստների, մշակութային գործիչների, ինչպիսի բազմամարդ միջոցառումներ էին անց կացվում գյուղում, որոնք կարող էին համեմատվել միայն մայրաքաղաքում  կազմակերպվող միջոցառումների հետ։ Գյուղացիները հպարտությամբ նշում են, որ չնայած մարզկենտրոնը Իջևանն էր, սակայն մշակութային կյանքի զարկերակն անցնում էր իրենց գյուղով․ բոլորը գալիս էին Սարիգյուղ՝ իրնեց աչքով տեսնելու և զգալու մշակույթի անհավանական ուժը։

Այսօր էլ երբեմնի աշխույժ ու հարուստ անցյալ ունեցող մշակույթի տան դռները փակ չեն, սակայն ոչ այն պատճառով, որ մշակութային կյանքն առաջվա նման եռում է եւ հադիսատեսների հերթեր են գոյանում մուտքի մոտ, այլ շենքի դռներն ու պատուհանները, ինչպես նաև ողջ գույքը ավերվել է, անհետացել և լոկ մամռակալած ու կիսաավեր պատերի վրա մնացած հատուկենտ նկարազարդումներն են հուշում շենքի երբեմնի ճոխության մասին։ Ավելին՝ շարունակ մոռացության մատնվելով շենքը կարող է դասվել վթարային կարգավիճակ ունեցող կառույցների շարքին։

2021 թվականին գյուղի բնակիչներից բաղկացած նախաձեռնող ակտիվ խումբ ձևավորվեց: Խմբի նպատակը տեղական իշխանությունների և շահագրգիռ ու մտահոգ այլ կառույցների հետ համագործակցությամբ խնդրի լուծումների գտնելն էր: 

Որպես համայնքային համախմբան եւ ջատագովության արշավներ իրականացնող կառույցի՝ ՔԵԿ ներկայացուցիչներին սարիգյուղցիները պատմել են մշակութային տան խնդրի մասին: Կենտրոնի ղեկավարը նշում է` այնպես չէ, որ Սարիգյուղի մշակույթի տան խնդիրը միակն է. համանման կամ մի փոքր ավելի բարվոք վիճակում են գտնվում Հայաստանի տարբեր մարզերում գտնվող մշակույթի տները: Կառույցի համար առանձնահատուկ էր գյուղի սահմանամերձ լինելու փաստը, և մշակույթը սահմանում կենդանի պահելը ռազմավարական նշանակություն ունի: Այն իսկապես տպավորիչ մասշատբների է եւ անգամ զուտ պրակտիկ տեսանկյունից կարող է հիանալի համայնքային ռեսուրս կենտրոն դառնալ՝ ծառայելու համայնքի կարիքներին։ 

Որպես օժանդակություն՝  2021 թ․ նախաձեռնող խմբի երկու անդամների հնարավորություն է տրվել համայնքային հիմնախնդիրների լուծման լավագույն օրինակները ուսումնասիրել Չեխիայում։ Չեխական NESEHNUTÍ կազմակերպությունը, որը բնապահպանական, գենդերային հարցերով հանրային արշավներ կազմակերպելու մեծ փորձ ունի, փորձի փոխանակման նպատակով հյուրընկալել է հայկական պատվիրակությանը:

Նախաձեռնող խմբի և համայնքային իշխանությունների ջանքերով 2021 թ․ որոշակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել․ ծածկապատվել է շենքի տանիքը, որը ժամանակավոր կարող է փրկել  շենքը վերջնական փլուզումից։ Սակայն դեռևս բաց է մնացել ջրհորդանների տեղադրման հարցը, և հետևաբար, անձրևաջրերն առաջվա նման շենքի համար մեծ ռիսկ են ներկայացնում։

Գյուղի երիտասարդները միայն մեծերի պատմածներով են պատկերացում կազմում գյուղի մշակութային հարուստ անցյալի մասին, բայց և միևնույն ժամանակ հույս փայփայում, որ իրենք էլ մի օր իրենց գյուղի մշակույթի տան բեմում գեղեցիկ միջոցառումներ կտեսնեն ու մեծերի պես կհպարտանան իրենց գյուղով։ Իսկ մինչ այդ երիտասարդները ամեն օր Սարիգյուղից հասնում են Իջևան՝ երաժշտական, պարի ու մի շարք այլ խմբակիների դասերին հաճախելու, հատուկենտ համերգային միջոցառումներին մասնակցնելու համար։

Սարիգյուղում վստահ են, որ շատ շուտով խնդիրը համապատասխան լուծում կունենա, բնակիչներն էլ պատրաստակամ են`փրկելու իրենց գյուղի մշակույթը, նաև վստահեցնում են, որ մշակութային Սարիգյուղ ունենալու ենք: