Համայնք, հնարավորություններ և ապագա․ Նոյեմբերյանի երիտասարդների տեսլականը

Նոյեմբերյան համայնքի երիտասարդները վստահ են, որ իրենց բնակավայրի ապագան կախված է կրթությունից, նոր հնարավորությունների ստեղծումից և երիտասարդների ակտիվ մասնակցությունից։ Նրանք խոսում են համայնքում առկա խնդիրների, դրանց լուծման ուղիների և այն տեսլականի մասին, որը ցանկանում են իրականություն դարձնել առաջիկա տարիներին։
Կողբ գյուղի բնակիչ, աշակերտուհի, ակտիվ երիտասարդ Մոնիկա Փաշիկյանը նշում է, որ ցանկանում է Նոյեմբերյանը դառնալ ճանաչված և զարգացած համայնք, որի մասին կխոսեն որպես Հայաստանի կարևոր կենտրոններից մեկի։
«Երիտասարդները ոչ միայն մեր ապագան են, այլև մեր ներկան։ Մեր կրթության շնորհիվ է, որ երկիրը պետք է զարգանա, իսկ կրթությունն այն արժեքն է, որը ոչ ոք չի կարող խլել մեզանից», — ասում է նա։
Մոնիկա Փաշիկյանի խոսքով՝ համայնքում ամենալուրջ խնդիրներից մեկը աշխատատեղերի սակավությունն է։ Նրա համոզմամբ՝ երիտասարդները հաճախ չեն պատկերացնում, թե կրթությունն ավարտելուց հետո իրենց մասնագիտությամբ ինչ հնարավորություններ կունենան հենց համայնքում։ Նա նաև ուշադրություն է հրավիրում կարծրատիպային մտածողության վրա՝ նշելով, որ երիտասարդներին անհրաժեշտ է ավելի շատ ազատություն և աջակցություն սեփական նախաձեռնություններն իրականացնելու համար։ Մեկ այլ կարևոր խնդիր, ըստ նրա, բարձրագույն կրթության հասանելիությունն է։ Համալսարանների մեծ մասը կենտրոնացած է Երևանում, իսկ մարզերում գործող ուսումնական հաստատություններում բոլոր մասնագիտությունները ներկայացված չեն։ Արդյունքում երիտասարդները ստիպված են տեղափոխվել մայրաքաղաք՝ բախվելով ուսման վարձի, բնակարանի և կենցաղային այլ ծախսերի հետ, ինչը հաճախ լրացուցիչ խոչընդոտ է դառնում։
Չնայած դժվարություններին՝ Մոնիկա Փաշիկյանը լավատես է։ Նա վստահ է, որ առաջիկա տարիներին Նոյեմբերյանի և հատկապես Կողբի երիտասարդները լինելու են ավելի ակտիվ, իսկ համայնքը՝ ավելի զարգացած։
«Մեզանից շատերը ցանկանում են սովորել, փորձ ձեռք բերել և վերադառնալ՝ մեր համայնքը զարգացնելու համար։ Մենք ինքներս անցել ենք այդ խնդիրների միջով և ցանկանում ենք, որ հաջորդ սերունդները նման դժվարությունների չբախվեն», — ընդգծում է նա։
Բերդավան գյուղի բնակիչ, ուսանող Գարիկ Խոջյանը ևս կրթության հասանելիությունը կարևոր խնդիր է համարում։ Նրա կարծիքով՝ եթե բուհերի մի մասը գործեր մարզերում, դա կնպաստեր ինչպես երիտասարդների, այնպես էլ համայնքների զարգացմանը։
Այսօր Գարիկը սովորում է Երևանում և նշում է, որ մայրաքաղաք տեղափոխվելու հիմնական պատճառը հենց կրթությունն է եղել։ Նա նաև ընդունում է, որ ժամանակին մտածել է ուսումը արտերկրում շարունակելու մասին։
Գարիկ Խոջյանի կարծիքով՝ աշխատատեղերից բացի, համայնքում մեծ խնդիր է նաև երիտասարդների ժամանցի և ինքնադրսևորման հնարավորությունների պակասը։ Նրա խոսքով՝ վերջերս ստեղծված երիտասարդական կենտրոնը կարևոր քայլ է, սակայն դեռևս բավարար չէ համայնքի բոլոր երիտասարդների կարիքները բավարարելու համար։ Նա կարևորում է նաև կամավորության զարգացումը՝ նշելով, որ անհրաժեշտ է ստեղծել ավելի շատ խրախուսման մեխանիզմներ, որպեսզի երիտասարդներն ավելի ակտիվ ներգրավվեն հասարակական կյանքում։
«Եթե կարողանամ աշխատել հեռավար՝ որպես ծրագրավորող, մեծ ցանկություն ունեմ վերադառնալու և ապրել իմ համայնքում։ Պարտադիր չէ, որ հաջողության համար մնաս Երևանում», — ասում է նա։
Բագրատաշեն գյուղի բնակիչ, ուսանողուհի և համայնքի ակտիվ երիտասարդներից Մարիամ Ղարագոզյանը նշում է, որ Նոյեմբերյանում երիտասարդներն ակտիվ են, սակայն համայնքային ծրագրերում հիմնականում ներգրավվում են նույն մարդիկ։
«Շատ ծրագրերում նախապատվությունը տրվում է կամավորական փորձ ունեցող մասնակիցներին, սակայն պետք է հնարավորություն տրվի նաև սկսնակներին՝ փորձելու, սխալվելու և զարգանալու», — նշում է նա։
Մարիամ Ղարագոզյանի խոսքով՝ իրեն համայնքի հետ կապում են բնությունն ու մարդկանց ջերմ վերաբերմունքը, որոնք, նրա կարծիքով, գյուղական կյանքի ամենամեծ առավելություններից են։ Նա ևս ընդգծում է, որ բարձրագույն կրթություն ստացած երիտասարդները հաճախ չեն կարողանում իրենց մասնագիտությանը համապատասխան աշխատանք գտնել համայնքում, ինչի հետևանքով տեղափոխվում են քաղաքներ կամ արտագաղթում։ Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որպեսզի բուհն ավարտած երիտասարդները ցանկանան վերադառնալ և իրենց մասնագիտական գործունեությունը շարունակել հենց հայրենի համայնքում։
Նոյեմբերյանի երիտասարդների համար կթության հասանելիությունը, աշխատատեղերի ստեղծումը, երիտասարդական ծրագրերում լայն ներգրավվածությունն ու համայնքային ակտիվ կյանքի զարգացումը շարունակում են մնալ առաջնահերթ հարցեր։ Միաժամանակ նրանք վստահ են, որ իրենց սերունդը կարող է դառնալ այն ուժը, որը կձևավորի ավելի զարգացած, մրցունակ և կենսունակ համայնք ու պետություն։
,