Հանուն Հայրենյաց պաշտպան հերոսների. հուշահամալիրի բացում և օրհնություն սահմանապահ Բերդավանում

Հունվարի 9-ին սահմանապահ Բերդավան գյուղի բարձունքը մարդաշատ էր․ բացվեց Հայաստանի և Արցախյան 44-օրյա պատերազմներում իրենց կյանքը զոհաբերած բերդավանցի տղաների հիշատակին կառուցված հուշահամալիրը, կատարվեց օրհնության կարգ։

Այս հուշահամալիրի կառուցումը բերդավանցիների ջանքերով ստեղծված «Բերդավան» հիմնադրամի մեծ ու պահանջված ծրագրերից առաջինն էր։ Նրանց խոսքերով՝ նախաձեռնությունը կյանքի է կոչվել բացառապես սրտացավ մարդկանց կամքի ու ջանքի շնորհիվ։

«Գաղափարը կյանքի կոչվեց բոլորիս աջակցությամբ․ մարդիկ կան՝ 1000 դրամ են փոխանցել, մարդիկ կան՝ շատ ավելի մեծ գումար․ էականը ոչ թե գումարի չափն էր, այլ մարդկանց սրտի ցանկությունը։ Անգամ ունեցել ենք մարդիկ, ովքեր օրերով եկել ու աշխատել են այստեղ», – նշում է բերդավանցի Սմբատ Մուղդուսյանը։

Հուշահամալիրը նախ և առաջ նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած բերդավանցիներին՝ մայոր Սարգիս Նավասարդյանին, ավագ լեյտենանտ Գարիկ Ղուշչյանին, լեյտենանտ Արտակ Ղազարյանին, ժամկետային զինծառայողներ Արման Աթաբեկյանին, Գրիշա Ազատյանին և Մհեր Զուրաբյանին:


Անմահացած տղաներից Գրիշա Ազատյանի հոր՝ Գագիկ Ազատյանի խոսքերով՝ Բերդավանի այս բարձունքին այսօր կանգնեցված եռագույնը պետք է թշնամիների՛ն էլ մշտապես հիշեցնի, որ սահմանապահ գյուղը առավել, քան կանգուն է․ «Նրանք պիտի տեսնեն, որ սահմանամերձ այս գյուղի բնակչությունը ոչ միայն չի պակասել, այլ նաև ավելացել է․ ժողովուրդը, երիտասարդները մնում են գյուղում։ Տղաները ֆիզիկապես գնացել են, ու դա պարտավորեցնում է, որ մենք մնանք ու պաշտպանենք այս հուշարձանը, ստիպում է մեզ մնալ սահմանամերձ այս գյուղում»։

Հուշահամալիրի բացմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ Ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը, այլ պաշտոնատար անձինք, զոհված տղաների ընտանիքի անդամները, համագյուղացիները:

Հուշահամալիրի օրհնության կարգը կատարվել է ձեռամբ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի։ Նրա խոսքերով՝ հուշակոթողի բացմամբ մենք «ոչ թե տղաներին ենք մեծարում, որովհետև իրենք մեր մեծարման կարիքն ու անհրաժեշտությունը չունեն, այլ ինքներս մեզ ենք չափում նրանց ներկայությամբ»։

«Վերջին պատերազմին մեր տղաները վերստին հաղթանակի տեսիլքով մեկնեցին՝ մեզ թողնելով այդ հաղթանակը ամբողջացնելը, մեզ թողնելով իրենց պարտության չմատնելը, մեզ թողնելով այդ հաղթանակի տեսիլքը գրկած իրենց արյանը արժանի լինելու կոչումը»։

«Բերդավան» հիմնադրամի պատասխանատուների պնդմամբ՝ հուշահամալիրը պետք է ունենա ոչ միայն հուշերով ապրելու, այլ նաև կյանքի ամեն օրը կարևորելով՝ մեր արժանապատիվ ներկան ու ապագան կերտելու խորհուրդ։ Այսպիսով՝ հիմնադրամը շարունակելու է իրականացնել կրթական, մշակութային, տարածաշրջանի տուրիզմի, սոցիալ-տնտեսական, պաշտպանական և բազմաթիվ այլ ծրագրեր, որոնք միտված են լինելու համայնքի զարգացմանը։