Հարգանքի տուրք Ոսկեպարում զոհված ոստիկանների հիշատակին

Մայիսի 6-ը Նոյեմբերյան համայնքում հիշողության, ցավի և հերոսացման օր է։ Արդեն 35 տարի շարունակ այս օրը համայնքի բնակիչները խոնարհվում են 1991 թվականին զոհված ոստիկանների հիշատակի առաջ՝ արժևորելով նրանց անձնազոհությունն ու ծառայությունը հայրենիքին։
Հարգանքի տուրքի միջոցառումները նվիրված են այն ոստիկաններին, ովքեր զոհվեցին Խորհրդային Միության բանակի և ադրբեջանական օմոնականների կողմից իրականացված «Կոլցո» գործողության ընթացքում։
1991 թվականի մայիսի 6-ի լուսաբացին Նոյեմբերյանի ոստիկանության 24 աշխատակիցներ Ոսկեպար գյուղի մերձակա անտառում հայտնվեցին խորհրդային բանակի և ադրբեջանական օմոնի կազմակերպած ծուղակում։ Այս դեպքը համարվում է Արցախյան ազատամարտի ամենաողբերգական դրվագներից մեկը։
Դեպքերն սկսվեցին նախորդ օրվա ուշ երեկոյան ստացված ահազանգից, ըստ որի՝ ադրբեջանական ուժերը հատել էին Նոյեմբերյանի սահմանը և շարժվում էին դեպի Ոսկեպար։ Ոստիկանների խումբը, ավտոբուսով և «Նիվա» մեքենայով, ուղևորվեց գյուղ՝ պաշտպանելու խաղաղ բնակչությանը։ Անվտանգության նկատառումներով նրանք շարժվում էին լեռնային ճանապարհներով, քանի որ հիմնական ճանապարհը գնդակոծության տակ էր։
Սակայն գյուղ չհասած՝ նրանք բախվեցին խորհրդային բանակի զինվորականների հետ, որոնք անսպասելիորեն բացեցին կրակ։ Այդ պահին արդեն ընթացքի մեջ էր «Կոլցո» գործողությունը։
Հարձակման հետևանքով 11 ոստիկան զոհվեց տեղում, իսկ մնացածները գերեվարվեցին։ Գերիներից երեքը հետագայում մահացան ադրբեջանական բանտերում։ Մի քանի ժամ անց խորհրդային զինվորները խաբեությամբ զինաթափեցին նաև Ոսկեպարը պաշտպանող ևս 45 ոստիկանների և նրանց ևս հանձնեցին ադրբեջանական ուժերին։






