Հաստատվել է տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման ծրագիրը

Կառավարությունը հաստատել է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը։

Նախագծի ընդունումը պայմանավորված է Տավուշի մարզի Իջևան համայնքի տնամերձ հողամասերում բարձր բերքատվությամբ տնկիներով այգեհիմնման, ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովման, Իջևան խոշորացված համայնքում այգեգործական կլաստերներ ձևավորելու անհրաժեշտությամբ։

Ծրագրի շահառուներ կարող են լինել առնվազն 100 քմ և ավելի մեկ ամբողջական, ծառերից և այլ գույքից ազատ կամ ազատման ենթակա տնամերձ հողամաս ունեցող տնտեսվարողները։

Ցանկացողները ծրագրին մասնակցելու նպատակով մինչև 2025 թվականի հուլիսի 15-ը պետք է դիմեն համայնքի ղեկավարին և կնքեն պայմանագիր:

Կապալառուի կատարած աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի հետևյալ համամասնությամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ 95%, համայնք կամ շահառու՝ 5%։

Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական առաջին ծրագիրն իրականացվել է Տավուշի մարզի Խաշթառակ և Բերքաբեր գյուղերում: Բնակավայրերի 87 տնամերձ տարածքներում հին, անարդյունավետ այգիների փոխարեն կառավարության ֆինանսավորմամբ հիմնվել են հոնի եւ նուռի 5.8 հեկտար ինտենսիվ այգիներ՝ ավելի քան 8400 տնկիներով: