Հայ Առաքելական եկեղեցու միաբանները հովվական առաքելությամբ ժամանել էին Տավուշ
Հայ Առաքելական եկեղեցու հայաստանյան և աշխարհասփյուռ թեմերի միաբան վարդապետների ու աբեղաների մասնակցությամբ հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է միաբանական համագումարը: Հունիսի 7-ին միաբանները հովվական առաքելությամբ ժամանել էին Տավուշ: Հոգևորականների այցի նպատակը 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված, վիրավորում ստացած կամ անհայտ կորած զինվորների ընտանիքներին այցելություն կատարելն էր:
Եկեղեցականների թափորի առաջին կանգառը Իջևան քաղաքի «Շատրվանների» հրապարակում էր, որտեղ կատարվեց անդաստանի կարգ: Իջևանի կենտրոնական հրապարակից օրհնվեցին աշխարհի 4 կողմերը:
Այնուհետև Միաբանական համագումարի մասնակից 56 վարդապետները ու աբեղաները Տավուշի թեմի հոգևորականների ուղեկցությամբ այցելեցին մարզի համայնքներ:
Այցելելով 44-օրյա պատերազմում նահատակված տղաների ընտանիքներին, Հայր Սուրբերը աղոթում են զոհված տղաների հիշատակի, անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման, վիրավորում ստացած զինվորների ապաքինման ու գերիների շուտափույթ վերադարձի համար: Հոգևոր հայրերը այցելել են նաև բազմազավակ ընտանիքներ, կատարել տնօրհներքի արարողություն։
Խմբերի բաժանված հոգևորականները ընտանիքներին այցի ավարտից հետո երեկոյան դարձյալ միաբանվեցին սահմանապահ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում: