Կրթության որակի բարելավմանը միտված հայ-ֆրանսիական համագործակցություն Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջում

Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողներն այսուհետ ուսումնական գործընթացը կկազմակերպեն առավել ժամանակակից պայմաններում։ Ֆրանսիայի հայկական հիմնադրամի և մի խումբ ֆրանսիացի նվիրատուների աջակցությամբ ամբողջությամբ վերանորոգվել և տեխնիկապես վերազինվել է քոլեջի համակարգչային սրահը։ Նպատակը երիտասարդների համար առավել հասանելի ու արդյունավետ կրթական միջավայր ստեղծելն է։
Ֆրանսիացի բարերարները Տավուշի հետ կապ են հաստատել դեռևս տարիներ առաջ՝ ֆրանսահայ պետական և քաղաքական գործիչ Պատրիկ Տէվեճյանի միջոցով։ Հենց այդ ծանոթությունն էլ սկիզբ է դրել մարզում իրականացվող կրթական ու համայնքային մի շարք ծրագրերի։
Նորացված համակարգչային սրահում ուսանողները ձեռք կբերեն ժամանակակից թվային հմտություններ, կկատարեն հետազոտական աշխատանքներ, կմասնակցեն առցանց դասընթացների և առավել մրցունակ կդառնան աշխատաշուկայում։
«Շուրջ 6 տարի աշխատել եմ Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտում ֆրանսահայ գործիչ Պատրիկ Տէվեճյանի հետ և հենց այդ ընթացքում էլ առաջին անգամ տեղեկացանք Տավուշի մարզի, այստեղի մարդկանց, խնդիրների և հատկապես երիտասարդների ներուժի մասին։ Այդ ծանոթությունից հետո որոշեցինք, որ պետք է համագործակցությունը շարունակական լինի։ Տարիների ընթացքում իրականացրել ենք տարբեր ծրագրեր, իսկ այս նախաձեռնությունը ևս մեկ կարևոր քայլ է կրթության զարգացման ուղղությամբ։ Մեզ համար շատ կարևոր է, որ երիտասարդներն ունենան ժամանակակից կրթական հնարավորություններ։ Նորացված համակարգչային սրահը հենց դրա համար է ստեղծվել՝ որպեսզի ուսանողները կարողանան զարգացնել իրենց գիտելիքները, աշխատել նոր տեխնոլոգիաներով և մրցունակ դառնալ» ,- նշում է Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի նախկին փոխնախագահ
Իզաբել Բալկանին։
Կրթության մեջ ներդրումները կարևոր նշանակություն ունեն, քանի որ նպաստում են երիտասարդների զարգացմանն ու համայնքների կայունությանը․ այս մասին է հուշում նաև ֆրանսիական փորձը։
Նոր տեխնիկայով համալրված սրահը քոլեջի ուսանողների համար կդառնա և ուսումնական տարածք, և նոր հնարավորությունների հարթակ՝ գիտելիք ստանալու, զարգանալու և ապագա մասնագիտության մեջ առավել վստահ քայլեր անելու համար։
«Այսօր ժամանակակից կրթությունն անհնար է պատկերացնել առանց տեխնոլոգիաների, և մենք ցանկանում էինք, որ Տավուշի ուսանողներն ունենան նույն հնարավորությունները, ինչ աշխարհի զարգացած կրթական կենտրոններում սովորող երիտասարդները։ Ֆրանսիայում կրթական համակարգում մեծ ուշադրություն է դարձվում գործնական հմտություններին, թվային գիտելիքներին և նորարարություններին։ Մենք փորձել ենք այդ փորձից մի մասն այստեղ բերել՝ ստեղծելով միջավայր, որտեղ ուսանողները կարող են ոչ միայն սովորել, այլև զարգանալ, ինքնուրույն աշխատել և նոր գաղափարներ իրականացնել։ Տավուշում մենք տեսնում ենք շատ խելացի, ակտիվ ու նպատակասլաց երիտասարդների, և վստահ ենք, որ ճիշտ պայմանների դեպքում նրանք մեծ հաջողությունների կհասնեն»,- իր խոսքում նշեց Ֆրանսիայի փաստաբանների պալատի անդամ Ժիլ Իտանժեղուն։
Կրթության զարգացումը և երիտասարդների համար ժամանակակից պայմանների ստեղծումը շարունակում են մնալ Տավուշում իրականացվող համագործակցային ծրագրերի առաջնահերթություններից մեկը։ Իսկ նորացված համակարգչային սրահը ևս մեկ քայլ է դեպի առավել որակյալ և հասանելի կրթություն սահմանամերձ տարածաշրջանում։