Հայ կինը դարեր շարունակ յուրահատուկ տեղ է ունեցել ընտանիքում և հասարակության մեջ. նշվեց Ավետման տոնը

Ապրիլի 7-ին Բերդի մշակույթի տանը անցկացվեց միջոցառում, որը նվիրված էր Մայրության և գեղեցկության օրվան։ Այս տարի համայնքում տոնը նշվեց առանձնահատուկ՝ մարտի 8-ի փոխարեն որպես մեծարում ընտրվեց ապրիլի 7-ը՝ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որպես հայկական և հոգևոր արժեքների օր։

Կազմակերպիչների խոսքով՝ այս փոփոխությունը խորհրդանշական է. այն ընդգծում է, որ ամենակարևոր ավետումները տրված են կանանց, որոնք իրենց սիրով, հոգատարությամբ և նվիրումով կարողանում են դրանք կյանքի կոչել։ Օրը նաև ծառայեց որպես յուրահատուկ արտահայտություն՝ հայ կանանց հանդեպ երախտագիտության։

Միջոցառման կարևոր հատվածներից մեկը ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացված էին տաղանդաշատ երեխաների բազմազան և գունեղ ստեղծագործություններ։ Միջոցառումը համախմբել էր Բերդ քաղաքի և տարածաշրջանի գյուղերի ներկայացուցիչներին, իսկ Բերդի մանկապարտեզների փոքրիկները իրենց հուզիչ ելույթներով ջերմություն հաղորդեցին երեկոյին։

Երեկոն շարունակվեց տոնական համերգով, որի ընթացքում հնչեցին երգեր, ներկայացվեցին պարային համարներ և բեմականացված ելույթներ՝ նվիրված մայրերին։ Մասնակիցների ելույթները փոխանցում էին մայրական սիրո կարևորությունը և անսահման ուժը՝ դարձնելով երեկոն ևս մեկ առիթ շնորհակալություն հայտնելու մայրերին՝ իրենց հոգատարության, նվիրումի և սիրո համար։

Հեղինակ՝ Անահիտ Մակյան