«Հայագիտությունն այնպես, ինչպես կա»․ 10-օրյա աշնանային դպրոց Կողբում

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և Նոյեմբերյան խոշորացված համայնքը Կողբի գեղարվեստի դպրոցում կազմակերպել էին «Հայագիտությունն այնպես, ինչպես կա» 10-օրյա աշնանային դպրոցը 14 տարեկանից բարձր տարիքի անձանց համար։

Դասընթացավարները մասնակիցներին փոխանցեցին մասնագիտական հմտություններ հայոց մշակույթն արդյունավետ ուսումնասիրելու, պահպանելու և պաշտպանելու համար։

«Կողբում մեր անցկացրած և՛ ամառային, և աշնանային դպրոցների նպատակը հիմնականում այն է, որ տեղի բնակչությունը տեղյակ լինի ամբողջ Հայաստանի մշակույթի մասին։ Բայց, իհարկե, դա առերես նպատակն է, իսկ ավելի թաքուն նպատակն այն է, որ հատկապես երիտասարդների մեջ սեր արթնացնենք հայրենի մշակույթի հանդեպ, իրենց համար ապագայում Հայաստանն ուսումնասիրելու համար նախադրյալներ ստեղծենք»,- նշում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Լիլիթ Սիմոնյանը։

Ծրագիրը բաղկացած էր «Հեթանոսությունը և քրիստոնեությունը հայոց մշակույթում», «Հայկական մանրանկարչության արխետիպիկան», «Խորհրդանիշները հայկական մշակույթում», «Տիեզերքի, բնության, ժամանակի մասին պատկերացումները հայոց մեջ», «Հուշարձանների ուսումնասիրության ձևերը», «Ժողովրդական երգ-երաժշտություն, «Հայագիտությունը գրողների և արվեստագետների երկերում», «Բանահյուսություն» և «Ամփոփում» թեմաներից։

Դասախոսություններն ուղեկցվեցին պատկերային նյութի ցուցադրությամբ, ձայանագրությունների ունկնդրումով։ Այն մասնակիցներին, ովքեր հաճախել են 8 և ավելի դասսխոսությունների, տրվելու են վկայականներ։