Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության հայտարարությունը կամավորության միջազգային օրվա առթիվ
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միությունը նշում է կամավորների միջազգային օրը, որը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից, և 1985 թվականից նշվում է ամբողջ աշխարհում։ Այսօր բոլոր այն մարդկանց տոնն է, ովքեր իրենց ժամանակն ու էներգիան անշահախնդիր ծառայեցնում են իրենց համայնքներին և կյանքի բարդ իրավիճակներում հայտնված անձանց։
Միությունն իր երախտագիտությունն է հայտնում այն հազարավոր երիտասարդ կամավորներին, ովքեր ներգրավված են թե՛ միության անդամ կազմակերպություններում, թե՛ Հայաստանի տարբեր պետական, համայնքային և ոչ պետական կառույցներում, թե՛ համայնքային աշխատանքներում։ Կամավորների ներդրումն անգնահատելի է հատկապես այն մարտահրավերների համատեքստում, որոնց բախվել է մեր պետությունը վերջին տարիների ընթացքում։
2024 թվականին կամավորները ակտիվ ներգրավվել են Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժած բնակավայրերում ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներում, շարունակել են աջակցություն տրամադրել Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին, իրականացրել են շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված մի շարք միջոցառումներ, ինչպես նաև աջակցել են Հայաստանում տեղի ունեցող բազմաթիվ տեղական ու միջազգային համաժողովների, կրթական, մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին։
2023 թվականի հունիսին Հայաստանի խորհրդարանն ընդունեց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքը՝ նպատակ ունենալով նպաստել կամավորի ինստիտուտի կայացմանը, այդ թվում՝ հասարակության լայն շերտերի կամավորական գործունեության և կամավոր աշխատանքներում ներգրավելու համար անհրաժեշտ նախապայմաններ ամրագրելուն։
Ցավով արձանագրում ենք, որ օրենքի ընդունումից ի վեր ՀՀ կառավարությունը որևէ էական քայլ չի ձեռնարկել օրենքի կիրարկումն ապահովելու, կամավորի ինստիտուտը կայացնելու և կամավորության մշակույթը խթանելու ուղղությամբ։ Օրենքի 4-րդ գլխի 17-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարությունը պարտավոր է մշակել և իրականացնել կամավոր աշխատանքի բնագավառի պետական քաղաքականությունը, խթանել կամավոր աշխատանքը, ապահովել կամավորության մշակույթի զարգացմանն ու տարածմանն ուղղված միջոցառումների մշակումը կամ իրականացումը և կամավոր աշխատանքի սուբյեկտներին տրամադրել տեղեկատվական, մեթոդական կամ խորհրդատվական աջակցություն։ Արձանագրում ենք, որ ՀՀ կառավարությունը 2023-2024 թվականներին չի իրականացրել կամավոր աշխատանքի բնագավառում ՀՀ պետական կառավարման համակարգի՝ օրենքով սահմանված լիազոր մարմնի լիազորությունները։
Օրվա խորհրդից ելնելով՝ կոչ ենք անում ՀՀ կառավարությանը և, մասնավորապես՝ կամավոր աշխատանքի բնագավառում ՀՀ պետական կառավարման համակարգի՝ օրենքով սահմանված լիազոր մարմնին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, 2025 թվականի առաջին եռամսյակում քննարկումներ նախաձեռնել Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ կամավոր աշխատանքի զարգացման ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակման շուրջ, ձևավորել ռազմավարության մշակման աշխատանքային խումբ, որը բաղկացած կլինի պետական և ոչ պետական կառույցներից, և մինչև 2025 թվականի ավարտն ընդունել կամավոր աշխատանքի զարգացման ազգային ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը՝ 2026 թվականի պետական բյուջեից միջոցներ հատկացնելով ռազմավարության իրականացմանն ու գնահատմանը։
Կամավոր աշխատանքի զարգացմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը կենսական են Հայաստանում կամավոր աշխատանքի խթանման, աջակցման և ճանաչման տեսանկյունից։