Ֆինանսներ, տեխնոլոգիաներ և արհեստական բանականություն․ Հայաստանի ֆինանսական ոլորտը վերափոխումների շեմին է

Ֆինանսական աշխարհը փոխվում է ավելի արագ, քան երբևէ։ Թվային փոխակերպումը, արհեստական բանականությունը և էկոհամակարգերի ձևավորումը նոր պահանջներ են առաջադրում թե՛ բանկային համակարգին, թե՛ բիզնեսին։ Դիլիջանում անցկացվեց «Բիզնես վերլուծությունը ֆինանսական ծառայությունների ապագայի համար» խորագրով համաժողովը, որը մեկ հարթակում համախմբեց ֆինանսական ոլորտի, պետական կառույցների, տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներին և բիզնես վերլուծության մասնագետներին։ Միջոցառումը կազմակերպել էր IIBA Armenia Chapter ՀԿ-ն ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ, Ամերիաբանկը նախաձեռնությանը միացել էր որպես հովանավոր։
«Մենք այսօր այստեղ հավաքվել ենք՝ նշելու Բիզնես վերլուծաբանների միջազգային օրը։ Դա մեզ համար բավականին լավ առիթ էր՝ Կենտրոնական բանկի հետ համատեղ փոխելու մեր քննարկումների ուղղվածությունը և կենտրոնանալու ֆինանսական ծառայությունների ոլորտում բիզնես վերլուծության դերի վրա։ Այսօրվա մեր միջոցառումը հիմնականում կենտրոնացած է ֆինանսական ծառայությունների ոլորտում բիզնես վերլուծության դերի քննարկման վրա», — իր խոսքում նշեց «IIBA Armenia Chapter» ՀԿ նախագահ Հասմիկ Մարտիրոսյանը։
Ֆինանսական ծառայությունների ոլորտը կանգնած է խորքային փոփոխությունների շեմին։ Բաց բանկային համակարգից դեպի բաց ֆինանսներ անցումը, տվյալների անվտանգ փոխանակումը, թվային նույնականացումը և արհեստական բանականության կիրառումը նոր հնարավորություններ են ստեղծում, բայց միաժամանակ պահանջում են պատասխանատու մոտեցում և հստակ ռազմավարություն։ Համաժողովի քննարկումների առանցքում հենց այս հարցերն էին։
«Նման միջոցառումները հնարավորություն են տալիս մեկ սեղանի շուրջ համախմբելու կարգավորողին, մեր գործընկեր ֆինանսական կառույցների ներկայացուցիչներին և, ինչու ոչ, նաև տեխնոլոգիական ընկերություններին։ Բաց երկխոսության միջոցով կարողանում ենք միասին ձևավորել ապագայի խաղի կանոնները։ Եվ որպես երրորդ պատճառ՝ նշեմ, որ մենք ակտիվորեն մասնակցում ենք նման մասնագիտական համայնքների աշխատանքներին, կիսվում մեր գործնական փորձով, լսում գործընկերներին և փորձում ոգեշնչել նաև երիտասարդ մասնագետներին, որպեսզի նրանք իրենց ներդրումն ունենան Հայաստանի թվային ապագայի ձևավորման գործում» — նշում է Ամերիաբանկի կառավարչական հաշվետվությունների և բիզնեսի վերլուծության բաժնի ղեկավար Արսեն Ասլիկյանը։
Համաժողովի առանձնահատկությունն այն էր, որ այն չէր սահմանափակվում միայն տեսական քննարկումներով։ Ներկայացվել են միջազգային փորձ, գործնական օրինակներ և ֆինանսական ոլորտում արդեն իրականացված նախագծեր։ Նպատակը մասնագիտական երկխոսությունից անցնելն էր դեպի կիրառելի լուծումների։
«Այսօրվա միջոցառումը վերաբերում է ֆինանսական համակարգին, ֆինանսական ծառայություններին և բիզնես վերլուծությանը։ Դրանք երկու տարբեր ուղղություններ են։ Մեկը մասնագիտական դաշտում ֆինանսական ծառայությունների մատուցումն է, օրինակ՝ բանկային համակարգի կամ բանկերի կողմից մատուցվող ծառայությունները, իսկ մյուսը՝ այն աշխատանքը, որի շրջանակում ուսումնասիրվում և վերլուծվում են որոշակի գործընթացներ՝ դրանց հիման վրա ֆինանսական ոլորտի ծառայություններն առավել բարելավելու նպատակով», — ասաց ՀՀ ԿԲ Բիզնես վերլուծությունների բաժնի ղեկավար Կարեն Սարգսյանը։
Համաժողովը նաև մասնագիտական համագործակցության հարթակ էր։ Բանկերի, վճարահաշվարկային և ֆինտեխ կազմակերպությունների, պետական մարմինների ու բիզնես վերլուծության համայնքի ներկայացուցիչները հնարավորություն ունեին փոխանակելու փորձն ու համատեղ քննարկելու ոլորտի մարտահրավերները։
Մասնագետները վստահ են`ապագայի մրցունակ ֆինանսական համակարգը կառուցվում է գիտելիքի, մասնագիտական կարողությունների, տեխնոլոգիական նորարարության և համագործակցության համադրությամբ։ Իսկ այդ ճանապարհին բիզնես վերլուծությունը դառնում է այն կարևոր օղակը, որը գաղափարները վերածում է իրական արդյունքի։