Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիր

Ծրագրի հիմնական նպատակը՝ գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծման համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է։

Ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին կտրամադրվի հետևյալ գյուղա-տնտեսական տեխնիկան՝

  • տրակտորներ՝ տարբեր մակնիշների,
  • կոմբայններ,
  • հավաքիչ-մամլիչներ,
  • շարքացաններ,
  • գութաններ,
  • խոտհնձիչներ,
  • կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ,
  • կուլտիվատորներ, ֆրեզներ,
  • սրսկիչներ,
  • տրակտորային կցասայլակներ,
  • այլ գյուղատնտեսական տեխնիկա։

Ծրագրի պայմաններն են՝

  • լիզինգի տարեկան տոկոսադրույքը՝ 2%, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների և զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների համար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ լիզինգառուի կողմից վճարման ենթակա լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0%,
  • կանխավճարը՝ լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20% չափով,
  • լիզինգի մարման ժամկետը՝
  • կոմբայների համար՝ 10 տարի,
  • տրակտորների համար՝ 6 տարի,
  • շարքացանների, հավաքիչ-մամլիչների համար՝ 3-6 տարի,
  • այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար՝ 3 տարի,

Ընդ որում տրակտորներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա միևնույն լիզինգառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում մարման ժամկետը կարող է սահմանվել 6 տարի։

  • լիզինգի մայր գումարի և տոկոսադրույքի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 6 ամիս ժամկետով։

Ծրագրի շրջանակում նույն լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 250,0 մլն դրամը։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ   

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել

Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչության հետևյալ հեռախոսահամարներով՝ 011 529231, 011 597296։