Հայաստանում, Վրաստանում եւ Մոլդովայում մահվան ելքով և լուրջ վնասվածքներով պատահարների արժեքը հասել է մտահոգիչ մակարդակի

«Արեւելյան գործընկերության ճանապարհային անվտանգության դիտակետը» (ԱլԳ ՃԱԴ), որը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի համատեղ նախաձեռնություն է, Facebook-ում հրապարակել է Արևելյան գործընկերության որոշ երկրներում ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում գնահատված վնասի վերաբերյալ նոր տվյալներ։

ԱլԳ ՃԱԴ-ի տվյալներով՝ 2023 թվականին Արևելյան գործընկերության երեք երկրներում մահվան ելքով և լուրջ վնասվածքներով պատահարների արժեքը հասել է մտահոգիչ մակարդակի.

  • Մոլդովա՝ 545 միլիոն դոլար (մահեր՝ 95 միլիոն դոլար, լուրջ վնասվածքներ՝ 450 միլիոն դոլար)
  • Հայաստան՝ 1.03 միլիարդ դոլար (մահեր՝ 216 միլիոն դոլար, լուրջ վնասվածքներ՝ 810 միլիոն դոլար)
  • Վրաստան՝ 1.21 միլիարդ դոլար (մահեր՝ 254 միլիոն դոլար, լուրջ վնասվածքներ՝ 953 միլիոն դոլար)։

«Ճանապարհատրանսպորտային պատահարները ոչ միայն կյանքեր են խլում, այլև ամեն տարի միլիարդավոր դոլարների տնտեսական վնասներ են պատճառում։ Այս ծախսերի մեծ մասը կապված է լուրջ վնասվածքների հետ, որոնք կարող են ընդմիշտ փոխել մարդկանց կյանքը։ Թվերից անդին ընտանիքներն են, համայնքները եւ ազգային տնտեսությունները, որոնք խորապես տուժում են», — ասվում է ԱլԳ ՃԱԴ-ի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Նախաձեռնությունը կոչ է անում ներդրումներ կատարել ճանապարհային երթեւեկության անվտանգության ոլորտում՝ կյանքեր փրկելու եւ ֆինանսական բեռը նվազեցնելու համար։

«Արեւելյան գործընկերության ճանապարհային անվտանգության դիտակետն» Արեւելյան գործընկերության հինգ երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համատեղ նախաձեռնությունն է, որի ընդհանուր նպատակը մինչեւ 2030 թվականը ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը 50 տոկոսով նվազեցնելն է։ Նախաձեռնությունն ապահովում է երկրների մակարդակով տվյալներ եւ գործում է որպես ճանապարհային անվտանգության ոլորտում ազգային տվյալների հավաքագրման, կառավարման եւ վերլուծության ամրապնդման կատալիզատոր:

Նախաձեռնությունը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից՝ որպես Համաշխարհային բանկի կողմից աջակցվող տարածաշրջանային ճանապարհային անվտանգության դիտակետերի գլոբալ ցանցի մաս: