Հայի ամեն մի սերունդ իր բաժին մեծ երկրաշարժն ու պատերազմն է ունենում. Նիկոլայ Գրիգորյան
«Արտակարգ Ալիք» տեղեկատվական հասարակական կազմակերպությունն ու Տավուշ Մեդիան ամփոփեցին աղետների ռիսկի կառավարմանը նվիրված հանրային բանախոսությունների շարքը։ Այն մեկնարկել էր 2024 թվականի աշնանն ու անցկացվել Տավուշի մարզի խոշորացված Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան համայնքներում։ 2025 թվականի հունվարի 23-ին բանախոսությունն անցկացվեց նաև Բերդ համայնքում։
Բանախոսությունը վարեց ճգնաժամային հաղորդակցության և տեղեկատվության կառավարման միջազգային փորձագետ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը։
Հանդիպմանը ներկա էին Բերդ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, քաղհասարակության ու ՏԻՄ ներկայացուցիչներ, որոնք բարձրաձայնեցին համայնքի տարածքում առկա ռիսկերն ու տարաբնույթ հարցեր ուղղեցին բանախոսին:
Բանախոսությունների նպատակն էր բարձրացնել Տավուշի մարզի բնակչության իրազեկվածությունը, պատրաստվածությունն ու դիմակայունությունը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Տավուշի մարզին պատուհասած և սպառնացող հնարավոր ռիսկերը, դրանք նվազեցնելու ուղիները, ինչպես նաև համայնքային դիմակայունության ապահովմանն ուղղված կարևոր քայլերը: Ով իրազեկված է, նա պաշտպանված է։