Հայկական էկոկրթական նախագիծը՝ եվրոպական մրցույթի եզրափակչում

«Ծառերը մանրադիտակի տակ» փորձարարական, հեղինակային էկոկրթական նախագիծը դարձել է Եվրոպական հանձնաժողովի ForOurPlanet միջազգային մրցույթի ֆինալիստ։
ForOurPlanet մրցույթը միավորում է տարբեր երկրներից նախագծեր, որոնք առաջարկում են բնապահպանական խնդիրների իրական լուծումներ՝ աջակցելով երկարաժամկետ ազդեցություն և լայնածավալ փոփոխություններ ապահովելու ներուժ ունեցող գաղափարներին։
Եզրափակիչ փուլ են անցել տարբեր երկրներից ընտրված 10 նախագծեր, որոնց թվում է նաև «Ծառերը մանրադիտակի տակ»-ը։ Սա առաջին հայկական նախագիծն է, որը ներկայացված է մրցույթի այս փուլում։
Մրցույթի հաղթողը որոշվելու է համակցված ձևաչափով՝ 50% հանրային քվեարկության և 50% ժյուրիի գնահատման հիման վրա։
Հանրային քվեարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել այս հղումով և հավանել նախագիծը՝ առանց գրանցման։ Քվեարկությունը բաց է մինչև մայիսի 3-ը։
Նախագծի ֆինալում հայտնվելը վկայում է դրա իրական ազդեցության և լայն փոփոխություններ նախաձեռնելու ներուժի մասին՝ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ միջազգային մակարդակում։
«Ծառերը մանրադիտակի տակ» նախագծի նպատակն է ձևավորել գիտակցված հոգատարություն և պատասխանատվություն Հայաստանի բնության նկատմամբ, բացահայտել երկրի կենսաբազմազանության յուրահատկությունները, ինչպես նաև խթանել երեխաների հետաքրքրությունը գիտության հանդեպ։