Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ռիսկերի իրազեկման և անվտանգ վարքագծի ուսուցման ծրագիր է իրականացնում
Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող «Ռիսկերի իրազեկում և անվտանգ վարքագիծ (ՌԻԱՎ) 2022» ծրագրի շրջանակներում ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի 16 սահմանամերձ և սահմանապահ համայնքների դպրոցներում իրականացվում են ռիսկերի իրազեկման և անվտանգ վարքագծի ուսուցման թեմատիկ տիկնիկային թատրոններ և դերային վարժություններ՝ նախատեսված 1-ից 12-րդ դասարանների բոլոր աշակերտենրի, ուսուցիչների և ծնողների համար։
Նախատեսված միջոցառումները նպատակ ունեն տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ` ականների և պատերազմի պայթուցիկ մնացորդների տեսակների և դրանց ազդեցության, գնդակոծության և հրետակոծության ընթացքում անվտանգ վարքագծի ընդհանուր կանոնների վերաբերյալ՝ նպաստելով պայթուցիկ զինամթերքի վտանգով պայմանավորված դժբախտ պատահարների նվազեցմանը։
Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում առաջիակ ամիսների ընթացքում կիրազեկվեն շուրջ 3000 դպրոցահասակ երեխաներ, 500 ուսուցիչներ և 600 ծնողներ։
Նախատեսված դպրոցական միջոցառումներին զուգահեռ համապատասխան համայնքներում արդեն իսկ իրականացվել և դեռևս շարունակաբար կազմակերպվելու են իրազեկման համայնքային ժողովներ, անհատական տնայցեր և իրազեկման ճեպազրույցներ համայնքների բնակիչների և առավել խոցելի խմբերի համար։
Սկսած 2022 թվականի սեպտեմբեր ամսից համապատասխան միջոցառումներ կիրականացվեն նաև ՀՀ չորս մարզերի հավելյալ 18 դպրոցներում։
Ծրագրի ամբողջական իրականացման արդյունքում համապատասխան ռիսկերի և դրանց ազդեցության նվազեցման նպատակով առավել անվտանգ վարքագծային կանոնների վերաբերյալ կիրազեկվեն վտանգին անմիջական հարեվանությամբ ապրող շուրջ 10 000 դպրոցահասակ երեխաներ, ուուցիչներ, ծնողներ, համայնքի բնակիչներ և առավել խոցելի խմբերի ներկայացուցիչներ։