Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակին նվիրված աշուղական երգի երեկո՝ Բերդավանում

Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Բերդավանի գեղագիտական կենտրոնում կայացել է աշուղական երգի երեկո։
Հունիսի 26-ին Բերդավանը հյուրընկալել է Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլին՝ ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ։
Համերգային ծրագրում հնչել են հայկական աշուղական արվեստի լավագույն ստեղծագործությունները՝ փոխանցելով ազգային երաժշտության հարուստ ավանդույթներն ու հոգևոր արժեքները։ Երեկոյի ընթացքում հանդիսատեսը վայելել է սիրված կատարումներ՝ ջերմ ծափողջույններով և բարձր գնահատանքով ընդունելով անսամբլի ելույթը։
Հայկական ռադիոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները շարունակվում են Հայաստանի տարբեր համայնքներում՝ հանրությանը ներկայացնելով Հանրային ռադիոյի հարուստ երաժշտական ժառանգությունն ու մեկդարյա մշակութային առաքելությունը։

