Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո Բերդում

Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո Բերդում

Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Բերդի մշակույթի տանը կայացել է բացառիկ համերգ՝ Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյան, դիրիժոր՝ Աշոտ Պետրոսյան) և մեներգիչների մասնակցությամբ։ Հայտնում են Բերդի համայնքապետարանից։

Այս տարին հոբելյանական է ոչ միայն հայկական ռադիոյի, այլև Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի համար, որը հիմնադրվելով 1926 թվականին՝ մեկ դար շարունակ պահպանել և աշխարհին է ներկայացրել հայկական հարուստ երաժշտական ավանդույթները։

Համերգը վարել են Հանրային ռադիոյի խոսնակներ Լուսինե Մուրադյանը և Տիգրան Հարությունյանը՝ ներկայացնելով ռադիոյի մեկդարյա պատմության կարևոր դրվագները և ձեռքբերումները։

Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանն իր ելույթում նշել է.

«Հանրային ռադիոն բացառիկ միջոցառում է կազմակերպել՝ իր երջանկությունը, իր 100-ամյա պատմությունը բերելու ձեզ, իմ սիրելի հանդիսատես։ Ես շրջել եմ ամբողջ Հայաստանով, եղել բոլոր համերգասրահներում, բայց առաջին անգամ եմ այս քաղաքում և ապշած եմ ոչ միայն բնությամբ, այլև ձեր ջերմությամբ և հրաշք հոգով։ Շնորհակալություն, որ որպես սահմանամերձ բնակավայրի բնակիչներ՝ առաջինն եք պաշտպանում հայրենի հողն՝ իր սահմաններով»։

Ռուբեն Մաթևոսյանի, Ռիմա Սարիբեկյանի, Հրանտ Մուրադյանի, Տիրուհի Մելիքսեթյանի և նվագախմբի կատարմամբ հանդիսատեսը վայելել է հայկական մաքրամաքուր երաժշտություն՝ էստրադային, ժողովրդական, աշուղական երգեր ու ստեղծագործություններ՝ գնահատանքի և ջերմ ընդունելության արժանացնելով սիրված արտիստներին։