Հայն ու հայերգությունն Իջևանում

Իջևանում մի ամբողջ օր հայկական մշակույթը ներկայացվեց իր տարբեր դրսևորումներով՝ ավանդական արվեստից ու ազգային խաղերից մինչև պար, երաժշտություն և տեղական արտադրություն։ Օգոստոսի 29-ին մարզկենտրոնում անցկացվեց «Հայն ու հայերգությունը» մշակութային փառատոնը, որը նպատակ ուներ մեկ վայրում համախմբել մշակույթի տարբեր ձևերն ու հնարավորություն տալ մասնակիցներին ճանաչել, զգալ ու ապրել հայկականը։
Փառատոնը կազմակերպել էր «Հուշերք» երիտասարդական ակումբը՝ իր մեկամյա գործունեության առթիվ։ «Հուշերք» անվանումը խորհրդանշում է հիշողությունը՝ որպես անցյալը պահպանելու և այն ապագային փոխանցելու միջոց։ Երիտասարդների նախաձեռնությունները միտված են հայկական մշակույթն ու պատմությունը ժամանակակից և հետաքրքիր ձևաչափերով ներկայացնելուն՝ դրանք հասանելի դարձնելով հատկապես երիտասարդներին։ Փառատոնի օրակարգը բազմազան էր․ օրվա ընթացքում անցկացվեցին ազգային զարդանախշերի վերաբերյալ վարպետաց դաս, «Ի՞նչ է նշանակում հայ լինել այսօր» խորագրով պանելային քննարկում, ազգային խաղեր, մշակութային կատարումներ ու ազգային պարեր։ Փառատոնի ընթացքում գործում էին նաև տաղավարներ, որտեղ տեղական արտադրողները ներկայացնում էին իրենց աշխատանքներն ու ստեղծած արտադրանքը։ Օրվա մշակութային ծրագիրն ամփոփվեց ազգային պարերով։